Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային ոչ կառավարական «World Justice Project» կազմակերպությունը հրապարակել է 2016թ. «Օրենքի գերակայության ինդեքսը»: Թեմային անդրադարձել է թուրքական «Sözcü» թերթի թղթակից Մուրաթ Մուրաթօղլուն: Նա տեղեկացնում է, որ վերոհիշյալ զեկույցում Թուրքիան 113 երկրների շարքում գրավել է 99-րդ տեղը: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 100.000 մարդ, արդյունքների վերլուծությամբ զբաղվել է ավելի քան 3.000 մասնագետ:
Ըստ Ermenihaber-ի՝ թուրք լրագրողը հեգնաբար առաջարկում է իր հայրենակիցներին՝ հնարավորության դեպքում հանգիստ խղճով ներդրումներ կատարել Զամբիայում, Ղրղզստանում կամ Գվատեմալայում, քանի որ այդ երկրները օրենքի գերակայության առումով Թուրքիայից ավելի ապահով վիճակում են գտնվում:
Մյուս կողմից՝ Մուրաթօղլուն Թուրքիայի քաղաքացիներին «մխիթարում» է այն փաստով, որ իրենց երկրում օրենքի գերակայությունը, այնուամենայնիվ, ավելի բարվոք վիճակում է, քան Ուգանդայում, Կամբոջայում և Նիկարագուայում:
Հեղինակը նշում է, որ Թուրքիայում տարբեր կազմակերպությունների ունեցվածքը բռնագրավվում է, իսկ հազարավոր մարդիկ ազատազրկված են այն դեպքում, երբ նրանց վերաբերյալ անգամ մեղադրական եզրակացություններ դեռ կազմված չեն:
Չնայած այս ամենին՝ Մուրաթօղլուն «անարդար» է համարում «World Justice Project»-ի արդյունքները՝ առաջարկելով ստեղծել սեփական՝ թուրքական անվտանգության ինդեքսը և ամեն տարի այդ սանդղակում առաջին տեղը տալ Թուրքիային:
Հեղինակը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Թուրքիային ոչ միայն միջազգային հանրությունը չի վստահում, այլև հենց իրենք՝ Թուրքիայի քաղաքացիները: «Տնտեսական համագործակցության եվրոպական կազմակերպության» (OECD) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում շատ ցածր մակարդակի վրա է նաև միջանձնային վստահության մակարդակը: Հարցվածների միայն 24 տոկոսն է նշել, որ վստահում է իր շրջապատի մարդկանց: Այսպիսով` Թուրքիան միջանձնային վստահության սանդղակում նախավերջին տեղն է զբաղեցնում:
«Անվստահության ամենագլխավոր պատճառն այն է, որ Թուրքիայում օրենքը գործնականում չի գործում», -եզրափակում է Մուրաթօղլուն: