կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-03 17:50
Քաղաքական

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը սպառողական վարկերի վերադարձման առումով ամենառիսկայինն է. Վահե Էնֆիաջյան

ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը սպառողական վարկերի վերադարձման առումով ամենառիսկայինն է. Վահե Էնֆիաջյան

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանն առաջարկում է մեր երկրում վերանայել վարկերի մարման քաղաքականությունը: ԱԺ փոխխոսնակն այս առումով հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասվում է.

«Կորոնավիրուսի ծագումը եւ տարածումն ամբողջ աշխարհում մեծ իրարանցում առաջացրեց:  Այսօր արդեն պարզ է, որ համավարակը լուրջ հարված է հասցրել մեր բնակչությանը:  Ի թիվս այլ հետեւանքների` մտահոգիչ է այն, որ մեր բնակչության էական մասն ունի սպառողական վարկերի գծով պարտքեր, որոնք այս պայմաններում վերադարձնելը գրեթե դառնում է անհնարին:

Մասնավորապես, ըստ ՀՀ ԿԲ տվյալների, այս տարվա հունվարի դրությամբ ՀՀ-ում սպառողական վարկերի պորտֆելը հասնում է 1 տրլն դրամի: Ավելին՝ օրերս հեղինակավոր Moody՝s վարկանշային ընկերությունը, գնահատելով ԱՊՀ երկրներում այս պահին տիրող իրավիճակը, նշում է, որը մեր երկիրը սպառողական վարկերի վերադարձման առումով ամենառիսկային երկիրն է ԱՊՀ անդամ երկրների շարքում: Այս պայմաններում էական է ՀՀ ԿԲ-ի դերը, որը ՀՀ առեւտրային բանկերի հետ միասին պետք է իրականացնի քայլեր, որոնք հնարավորություն կտան մեղմել այս բացասական հետեւանքները:  

Մասնավորապես, պետք է այս պահին նախնական մի քանի ամսով դադարեցվի այդ վարկերի գծով տոկոսների հաշվարկը, ինչպես նաեւ նույնքան ժամանակով հետաձգվի այդ վարկերի մայր գումարների մարումը: Սա ոչ թե ցանկալի է, այլ խիստ անհրաժեշտ եւ պահանջված ինչպես մեր բնակչության (քանի որ չի դադարում բանկերի խնդիրների հետ կապված նամակներն ու հաղորդագրությունները), այնպես էլ մեր ամբողջ տնտեսության կայունության տեսանկյունից»: