կարևոր
907 դիտում, 2 ժամ առաջ - 2025-08-06 13:53
Քաղաքական

Ի՞նչ է Սյունիքի հարցում առաջարկել Հայաստանին ամերիկյան կողմը. 24News-ի հարցերը ՀՀ իշխանություններին

Ի՞նչ է Սյունիքի հարցում առաջարկել Հայաստանին ամերիկյան կողմը. 24News-ի հարցերը ՀՀ իշխանություններին

24News-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել Երևանի ժամանակով ուրբաթ ուշ երեկոյան Վաշինգտոնում սպասվող հանդիպման ժամանակ ամերիկյան կողմի առաջարկություններից։ Ելնելով այդ տեղեկություններից՝  մեր խմբագրությունը հրապարակային հարցեր է ուղղում ՀՀ իշխանություններին։ Այս մասին գրում է կայքն ու ներկայացնում սեփական հարցադրումները։ 

1․ Արդյո՞ք ամերիկյան կողմը Հայաստանին առաջարկում է, որ Մեղրիով ձգվող 42 կմ-ոց ճանապարհին կանգնեն ամերիկյան մասնավոր պահնորդական ծառայության ծառայողներ՝ թվով 1000 մարդ։ Արդյո՞ք ընկերության ընտրության համար հայտարարվելու է տենդեր։ Արդյո՞ք այդ պահնորդներն իրավունք են ունենալու զինված լինել հրաձգային զենքերով ու թեթև զրահապատ մեքենաներով։

2․ Արդյո՞ք ադրբեջանական կողմն իր բեռներն ուղարկելուց հայկական մաքսային ծառայության աշխատակիցների չի հանդիպելու։

3․ Արդյո՞ք ճանապարհը ստանալու է «Թրամփի կամուրջ» անվանումը, իսկ պայմանագիրը ստորագրվելու է 99 տարով։

4․ Արդյո՞ք պայմանագիրը կարող է խզվել դրա մասնակից երեք կողմերի՝ Հայաստանի, Ադրբեջանի ու ԱՄՆ-ի համատեղ համաձայնության պարագայում։ Արդյո՞ք պայմանագրի կատարման հետևող է նշանակվելու է ԱՄՆ փոխնախագահը։ Արդյո՞ք վեճերի առկայության պարագայում հարցը գնալու է ԱՄՆ Դելավեր նահանգի արբիտրաժային դատարան։

5․ Արդյո՞ք արտապատվիրակված այս կոմունիկացիայից ստացած շահույթի 40%-ը գնալու է ԱՄՆ-ին, 30%-ը՝ Ադրբեջանին և ևս 30%ը՝ Հայաստանին։ Արդյո՞ք հայտարարվելու է, թե շահույթի 10%-ը (դեռ հասկանալի չէ, հայկական կողմի մասնաբաժնից, թե՝ ընդհանուր) ներդրվելու է Մեղրի համայնքում, որի մոտով էլ, ըստ էության, անցնելու է կոմունիկացիան։

6․ Արդյո՞ք ամերիկյան կողմը հայտարարելու, թե Հայաստանում ներդրումներ է անելու ՏՏ և արհեստական բանականության ոլորտներում։

7․ Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն առաջարկելու են Դոնալդ Թրամփին շնորհել Խաղաղության Նոբելյան մրցանակ։