կարևոր
1450 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-07 11:41
Քաղաքական

Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ. Իշխան Սաղաթելյան

Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխվստահության ձևավորմամբ և մեր տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմամբ շահագրգռված որևէ երկիր պետք է ջանքերն ուղղի Բաքվում պահվող բոլոր գերիների ազատ արձակման, ՀՀ տարածքից Ադրբեջանական զորքերի դուրս բերման, բռնի տեղահանված արցախահայերի վերադարձի իրավունքն ապահովելու ուղղությամբ:

Հայաստանը բավական ցավոտ և «խիզախ» միակողմանի զիջումներ արդեն արել է, սակայն այդ զիջումները ոչ միայն տարածաշրջանը չեն կայունացրել, այլ էլ ավելի են գրգռել Ադրբեջանի ախորժակը՝ դուռ բացելով նոր պատերազմի համար:

Քանի չեն լուծվել անգամ հումանիտար բնույթի հարցերը, խաղաղության մասին խոսակցությունները ծաղր են հայ ժողովրդի նկատմամբ:

Իհարկե դուք կարող եք տարբեր հուշագրեր ստորագրել խաղաղության մասին, կարող եք տասնյակ հայտարարություններ անել, բայց դրանցից և ոչ մեկը խաղաղություն չի բերելու տարածաշրջան:

Պատմության ընթացքում ոչ մի ուժի երբևէ չի հաջողվել ագրեսորի բոլոր պահանջները բավարարելով հասնել խաղաղության: Այդպիսի քաղակաքանությունն, ի վերջո, հանգեցրել է աղետի բոլորի համար:

Մինչ այդ` հերթական անգամ նշեմ, որ այս ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղի են ունենում ժողովրդի թիկունքում և բացառապես մեկ անձի հետ:

Հայաստանում ազդեցություն ունեցող որևէ քաղաքական ուժ, լուրջ հեղինակություն ունեցող որևէ անհատ կամ կառույց չի սատարում այդ պայմանավորվածությունները և օրվա ռեժիմի որդեգրած քաղաքական ուղեգիծը:

Ձեռք բերված պանմանավորվածությունները կյանքի կոչելու համար վարչախումբը ստիպված ամեն անգամ ընդլայնում է ռեպրեսիաների ալիքը, ավելացնում երկրում քաղբանտարկյալների թիվը:

Ուստի արտաքին այն ուժերը, որոնց հույսը Փաշինյանի անվերջ զիջելու մարտավարութնունն է, պետք է լավ իմանան, որ անվերջ ռեպրեսիաների միջոցով հանրային դժգոհության ալիքը երկարաժամկետ զսպել հնարավոր չէ»: