կարևոր
826 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-06 14:26
Հասարակություն

Ի՞նչ կարող է տալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը Վաշինգտոնին

Ի՞նչ կարող է տալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը Վաշինգտոնին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ի՞նչ կարող է տալ «Զանգեզուրյան միջանցքի» վերահսկողությունը Վաշինգտոնին:

1․ ԻՐԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ՝ վերջինիս գեոտնտեսական դիրքերի էական խարխլմամբ:

Այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» ձևավորումը լիովին տեղավորվում է Մեհենի հայտնի «անակոնդայի մեթոդի« մեջ: Մասնավորապես՝ «Դավթի միջանցքի» ու «Բեն Գուրիոնի ջրանցքի» հետ մեկտեղ «Զանգեզուրյան»-ը պարալիզացնում է Իրանի տրանսպորտային համակարգը. «Դավթի միջանցքը» հարվածում է Իրանին արևմուտքից՝ ապահովելով Իսրայելի ելքը իրաքյան Քուրդիստան, «Բեն Գուրիոնի ջրանցքը» էապես նվազեցնում է Ծոցի երկրների կախվածությունն Իրանի կողմից փաստացի վերահսկվող Հորմուզի նեղուցից, «Զանգեզուրյան միջանցքը»՝ խոչընդոտում Ռուսաստան-Իրան-Հնդկաստան՝ Հյուսիս-Հարավ հաղորդկցությունը:

2․ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱԿԱԿՇՌՈՒՄ՝ «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության մաս հանդիսացող «Միջին միջանցքում» Վաշինգտոնի դիրքերի ապահովմամբ:

Դրանով իսկ ամերիկայն deep state-ը երկու խնդիր է լուծում. ա) զսպում է չինական ազդեցության աճը Կենտրոնական ու Առաջավոր Ասիայում և բ) սեփական ներկայությունն ապահովում Եվրոպա-Կովկաս-Ասիա հաղորդակցության մեջ՝ սահմանափակելով ԵՄ գեոտնտեսական ինքնուրույնությունը, ինչը հատկապես կարևոր է ԵՄ էներգատրանսպորտային դիվերսիֆիկացման քաղաքականության համատեքստում: Այդ դիվերսիֆիկացման արդյունքում հեռանկարում կարող է տուժել հենց Վաշինգտոնը, որը փորձում է դիրքավորվել եվրոպական շուկայում որպես ածխաջրածինների առանցքային մատակարար:

3․ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴՈՒՐՍՄՂՈՒՄ՝ Հարավային Կովկասում հակառուսական առանցքի ձևավորման, Ռուսաստան-Իրան ռազմավարական կապի խզման, տարածաշրջանի կրիտիկական ենթակառուցվածքներից ռուսական գործոնի բացառման ճանապարհով: Հենց այս ռազմավարության ներքո էլ այսօր թիրախավորվում են Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող ձեռնարկությունները, օրակարգ բերվում էքսպերիմետալ բնույթ կրող ամերիկյան մոդուլայն միջուկային ռեակտորի նախագիծը, խմբագրվում հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը և այլն»: