կարևոր
1234 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-07 17:55
Աշխարհ

Կայանալիք գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու․ Ալեքս Ռաուֆօղլու

Կայանալիք գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու․ Ալեքս Ռաուֆօղլու

Ուրբաթ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք գագաթնաժողովին խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինելու, սակայն ձեռնարկվելու են առանցքային քայլեր տևական խաղաղության համար. այս մասին KyivPost-ում գրել է Պետդեպում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նրա խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը կստորագրեն համատեղ հռչակագիր, որը կձևակերպվի որպես «խաղաղության և հարաբերությունների լիակատար կարգավորման հստակ ուղի»։

Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են ամիսներ շարունակ բանակցվող երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստը։

Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրելու են համատեղ նամակ՝ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ:

ԱՄՆ-ն առանձին փոխըմբռնման հուշագրեր կստորագրի Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ «վերագործարկելով» և «մեկնարկելով» համապատասխան երկկողմ հարաբերությունները և բացելով նախկինում անհնարին հնարավորություններ։

Ռաուֆօղլուն նաև նշել է, որ այլևս միջանցք չկա. Թրամփ-Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին  ուշադրության կենտրոնում է լինելու «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» կամ TRIPP անվամբ տարանցիկ և զարգացման նոր ծրագիրը:

TRIPP-ը կստեղծի տարանցիկ երթուղի Հայաստանի հարավով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևանի էքսկլավ։ TRIPP-ը ռազմական կամ պաշտպանական նախաձեռնություն չէ։ ԱՄՆ-ն զորքեր չի տեղակայի երթուղում։ Դրա փոխարեն, ԱՄՆ-ի ներգրավվածությունը կլինի զուտ առևտրային, ընդ որում՝ ԱՄՆ-ն կստանձնի պատասխանատվություն՝ ապահովելու երթուղու «անվտանգ գործունեությունը բոլոր կողմերի համար»՝ «բարձրակարգ օպերատորների» հետ համաձայնագրերի միջոցով։