Փոխարժեքներ
07 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։
Պաշտպանը նշել է, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։ Բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, որոշումը կհրապարակվի օգոստոսի 15-ին։ Վերաքննիչ բողոքի շրջանակներում վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանքի հիմքերի առկայությունը։ Պաշտպանը նկատում է՝ հիմնավոր կասկածն ի սպառ բացակայում է՝ հաշվի առնելով, որ տեսագրության ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Ռուբեն Հակոբյանը իշխանության զավթման կոչ չի արել։ Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը եղել է պատմաքաղաքական վերլուծություն, որն ապագայում ուղղված որևէ բռնի ուժի գործողությունների միտում չի ունեցել։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա մեղադրանքի հիմքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող միակ ապացույցը Ռուբեն Հակոբյանի հարցազրույցի տեսանյութն է, հետևաբար, առհասարակ որևէ խոսք լինել չի կարող՝ խոչընդոտման հավանականության մասին։
«Հաղորդաշարը բացառապես կրել է քաղաքական-վերլուծական բնույթ, դա ավելի շատ բանավեճի, գիտական նյութ է, քան՝ իշխանությունների զավթման կոչ։ Եթե ևս նայեք տեսանյութը, ապա այնտեղ վարչապետին գահընկեց անելու, մարդկանց հավաքագրելու, ինչ-որ կերպ շենք կամ այլ բան զավթելու մասին խոսք չկա, անգամ՝ կոնտեքստից նման բան չի ենթադրվում»,- ասաց Մղդեսյանը։
Դիտարկմանը, որ ի վերջո, իշխանության ներկայացուցիչներն ընդհուպ ԱԺ ամբիոնից են բռնության կոչեր անում՝ ձեռքեր, լեզուներ կտրելու և այլն, սակայն իրավապահները դա դիտարկում են որպես քաղաքական հայտարարություն, փոխարենը՝ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում՝ քաղաքական վերլուծության համար, արդյոք երկակի ստանդարտներ չկան՝ փաստաբանը նշեց, որ մյուս դեպքը խորապես չի ուսումնասիրել՝ զուգահեռ անցկացնելու համար, բայց Ռուբեն Հակոբյանի դեպքում փաստ է՝ մեղադրում են մի բանում, ինչը չի արել։
Հարցին՝ ինչ խնդիր էին լուծում՝ նման հետապնդում իրականացնելով ՝ փաստաբանը պատասխանեց՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին նախաքննության ավարտ կհայտարարվի, քանի որ ապացույցների բազա չկա, Ռուբեն Հակոբյանն այդ առումով դատողությունները հրապարակավ կհայտարարի։ Փաստաբանը զերծ մնաց քաղաքական մեկնաբանություններից։ Քրեական գործով տուժող ճանաչված անձ ևս չկա։