Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով կալանավորված Յուրի Հակոբյանը դեպքից րոպեներ անց՝ 23:22 րոպեին զանգահարել է գործով մեկ այլ մեղադրյալ Արարատ Նիկողոսյանին՝ պարզելու, թե որտեղ է իր մեքենան, սակայն նրան չեն պատասխանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը՝ նշելով, որ այդ փաստը ևս հիմնավորում է, որ իր պաշտպանյալը դեպքի պահին այլ վայրում է եղել: Բացի այդ ՝ ըստ նրա՝ գործում առկա են ալեհավաքներից ստացված տվյալներ, որոնք փաստում են, որ Հակոբյանը զանգը կատարել է այլ փողոցից, իսկ Նիկողոսյանը գտնվել է այլ վայրում:
«Շուրջ վեց ամսվա ընթացքում իմ պաշտպանյալի մեղքը հիմնավորող ապացույցներ ձեռք չեն բերվել, փոխարենն առկա են նրա այլուրեքությունը հիմնավորող անհերքելի ապացույցներ»,-ասաց նա՝ նշելով, որ 6 ամիս է, ինչ իր պաշտպանյալը գտնվում է կալանքի տակ:
Նրա խոսքով՝ իր պաշտպանյալին կալանավորելու հիմքում դրվել է այն, որ տուժող Էմմա Աբրահամյանը երկրորդ հարցաքննության ժամանակ իր պաշտպանյալին նմանեցրել է իր որդու՝ Եղիշե Խաչատրյանի վրա հարձակված անձանցից մեկի հետ: Սակայն ըստ նրա՝ ճանաչման քննչական գործողությունը կատարվել է դատավարական նորմերի խախտմամբ և չի կարող թույլատրելի ապացույց ճանաչվել:
Մասնավորապես ՝ ճանաչման գործողություն կատարելու համար տուժողը պետք է անձին նույնացնող հատկանիշներ մատնանշեր, ինչից հետո միայն որոշեին այդ գործողությունը կատարել: Սակայն ըստ նրա՝ տուժողն առաջին ցուցմունքի ժամանակ որևէ կերպ չի նկարագրել իր պաշտպանյալին, ընդամենը նշել է, որ սպանողներից մեկը եղել է կարմիր վերնաշապիկով, մինչդեռ իր պաշտպանյալն այդ օրը եղել է մանուշակագույն վերնաշապիկով, ինչն էլ արձանագրել են տեսանկարահանող սարքերը:
Բացի այդ՝ ըստ նրա՝ քննիչն ուղղորդող հարցեր է տվել տուժողին, ինչից հետո է նա պնդել, որ Յուրի Հակոբյանն իր որդուն ծեծողների առաջին եռյակում է: Նադիրյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ իր պաշտպանյալը դեպքի պահին գտնվել է Լիդո ռեստորանային համալիրում, որպեսզի իր հարսանիքի կազմակերպման հետ կապված հարցեր քննարկի, ինչը հիմնավորել են մի շարք վկաներ:
Հիշեցնենք, որ Եղիշե Խաչատրյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանն օրեր առաջ հայտարարել էր, որ այդ ռեստորանը պատկանում է այս գործով մեղադրյալ Արտաշես Չիչոյանի ընտանիքին:
«Ռեստորանում հավաքված են եղել Սրտաշես Չիչոյանը, Արարատ Նիկողոսյանը, Յուրի Հակոբյանը: Հիմա նրանք վարկած են առաջադրում, թե իբր Արտաշես Նիկողոսյանը, Արարատ Չիչոյանը և մի աղջիկ իր մեքենայով գնացել են, իսկ ինքն այդտեղ կանգնած մնացել է , սակայն նույնիսկ իրենց վկաներն են փաստում, որ նրան տեսել են մինչև 22:30-ը, դրանից հետո նրան չեն տեսել»,- նշել էր փաստաբանը:
Պետրոսյանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 23:05-ի սահմաններում, իսկ Յուրի Հակոբյանին «Վիվառո»-ի գրասենյակում տեսախցիկը ֆիքսել է ժամը 23:40-ի սահմաններում, այսինքն` դեպքից հետո, երբ ամեն ինչ վերջացած է եղել: Իսկ դեպքի վերաբերյալ շտապօգնություն ահազանգ հնչեցվել է 23:14-ին:
Յուրի Հակաբյանի պաշտպանի խոսքով՝ իրենց նպատակն իրականությունը բացահայտելն է, թեկուզև դատաքննությամբ: Հակոբյանի մայրն էլ՝ Նարինե Գևորգյանը հայտնեց, որ իր որդին դարձել է «անմեղ մեղավոր»: «Ես դիմել եմ հանրապետության նախագահին, իրավապահ կառույցների ղեկավարներին: Որդուս ճակատագիրը խեղվեց, նա մեղադրվում է տատիկի անհիմն ցուցմունքով, նրա ամուսնությունը չկայացավ…»,-ասաց նա:
Yerkir.am-ի այն հարցին, թե արդյոք փորձել է այս 6 ամիսների ընթացքում կապ հաստատել Մեյթիխանյանի հետ և նրան բացատրել իրավիճակը, Գևորգյանը պատասխանեց՝ ոչ՝ պատճառաբանելով, որ ինքն այնպիսի վիճակում չէր, որպեսզի կարողանար խոսել նրանց հետ, քանի որ իրականում ինքն էլ է տուժողի կարգավիճակում: Նշենք, որ գործի նախաքննությունն արդեն ավարտվել է և այն պետք է ուղարկվի դատարան:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: