կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-17 17:04
Իրավական

6-7 հոգի` քացով, դուբինկով, հարձակվել են երեխայիս վրա. բռնաբարության մեջ մեղադրվողի մայրը մանրամասներ է հայտնում

6-7 հոգի` քացով, դուբինկով, հարձակվել են երեխայիս վրա. բռնաբարության մեջ մեղադրվողի մայրը մանրամասներ է հայտնում

Մարդուն առևանգելու, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու մեջ մեղադրվող` ոստիկանության նախկին աշխատակից Էդգար Վարագյանի ծնողները բողոքարկել են ՀՔԾ-ի` Վարագյանին ոստիկանության բաժնում խոշտանգումների ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշումը, նաև նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին:

 

Հիշեցնենք, որ Էդգար Վարագյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք է տվել այն մասին, որ վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման կասկածանքով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո` 2013 թվականի սեպտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բաժնի, ինչպես նաեւ ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի եւ բռնության, որի ազդեցության տակ, վերջիններիս պահանջով, քննչական փորձարարության ընթացքում` նրանց իսկ կողմից մատնանշված վայրում մատնացույց է արել Ք. Բ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան` առանց գիտակցելու նշված քննչական գործողության նպատակն ու հետեւանքները: Էդգար Վարագյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ դիմում էին ներկայացրել նաեւ նրա ծնողները:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Վարագյանի մայրը` Հասմիկ Մինասյանը, պատմեց, որ ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի քննիչներ Արգիշտի Տոնոյանն ու Ամրամ Մակեյանը երեք օր շարունակ իր որդուն պահել են սոված և ծարավ, ծեծելով ստիպել են մեղքը վերցնել իր վրա:

 

«Մի 6-7 հոգի քացով, դուբինկով հարձակվել են երեխայիս վրա: Մենք վազում էինք, ես ուզում էի պատուհանից ներս մտնեի, հեռախոսս հանեցի, որ նկարեմ, բայց հերթապահ ոստիկանը խփեց, հեռախոսս ընկավ»,- պատմեց մայրը և հավելեց, որ ՀՔԾ-ում իրենց ասել են, որ պետք է մի բան էլ իրենց շնորհակալ լինեն, որ սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության չեն ենթարկել:

 

«Արգիշտին է, որ էդ աղջկա` իբր տուժողի հետ կապի մեջ է, խարդախ գործերի մեջ է, բայց վերջում կերևա` նա իսկապես տուժող է, թե` ոչ»,- հայտարարեց Մինասյանը:

 

Մանրամասն` yerkir.am-ի տեսանյութում: