Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն իր հրապարակումներում անդրադարձել է անցյալ տարվա մայիսին Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին տեղի ունեցած` Վարդուհի Գրիգորյանի սպանության գործին:
Հիշեցնենք, որ, ըստ նախաքննության, 2014թ. մայիսի 7-ին Արարատի մարզի Նոր Կյուրին գյուղի ճանապարհին Սերգեյ Գրիգորյանը գումարային հարցերի շուրջ վիճաբանել էր ընկերոջ կնոջ՝ Վարդուհի Գրիգորյանի հետ և իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակել կնոջ թիկունքին, իսկ երբ կինը փորձել էր դուրս գալ ավտոմեքենայից, երկրորդ կրակոցն էր արձակել նրա կրծքավանդակի ուղղությամբ։ Ստացած մարմնական վնասվածքներից կինը մահացել էր: Այնուհետև` Սերգեյ Գրիգորյանը հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով թաղել էր սպանվածի դին:
Նշենք, որ Սերգեյ Գրիգորյանի ձերբակալման ժամանակ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել էին ՀՀ` մոտ տասը քաղաքացիների անձնագրեր և մոտ նույնքան կնիքներ ու կնիքներ պատրաստելու հարմարանքներ: Սրա վերաբերյալ քրեական գործից մաս առանձնացվեց, իսկ բուն՝ սպանության գործն ուղարկվեց դատարան:
Yerkir.am-ն անջատված մասի վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Քննչական կոմիտե՝ ճշտելու՝ ի՞նչ ընթացքում է գործի նախաքննությունը:
Ի պատասխան մեր հարցմանը, հայտնել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում 2015թ. մարտի 25-ին որոշում է կայացվել Վարդուհի Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասով նոր քրեական գործ հարուցելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին` հիմք ընդունելով մեղադրյալ Ս.Գրիգորյանի ավտոմեքենայից հայտնաբերված` ՀՀ քաղաքացիների անձնագրերը և կնիքներն անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով հափշտակված լինելու հանգամանքը:
Անջատված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործի էական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, հարցումներ են ուղարկվել տարբեր գերատեսչություններ, քննչական պահանջներ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ և Վրաստան:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է միայն պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելուն կամ թաքցնելուն, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով: Նույն հոդվածի 1-ին մասն էլ վերաբերում է քաղաքացու անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելուն:
Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում Սերգեյ Գրիգորյանի մոտ հայտնաբերված գրեթե բոլոր անձնագրերի տերերը ցուցմունք են տվել և հայտնել, որ իրենք փոխել են իրենց անձնագրերը, իսկ հները հանձնել են անձնագրային բաժին: Խոսակցություններ կան, որ անձնագրային բաժանմունքի որոշ պաշտոնյաների մատը խառն է Սերգեյի կողմից հին անձնագրեր ձեռք բերելու գործին: