կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-27 18:04
Իրավական

Տատին ինձնից շատ էր սիրում. տատի սպանության մեջ մեղադրվողի մայրն ուշագրավ մանրամասներ է պատմել

 Տատին ինձնից շատ էր սիրում.  տատի սպանության մեջ մեղադրվողի մայրն ուշագրավ մանրամասներ է պատմել

69-ամյա տատի սպանության մեջ մեղադրվող Ալբերտ Մոմջյանը բարձրագույն կրթություն ունի, ավարտել է տնտեսագիտական համալսարանը, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի, ազատված է եղել զինվորական ծառայությունից: Այս մասին հայտնի դարձավ այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ «Օժիտ» խանութների ցանցի սեփականատիրոջ՝ Սիլվա Գալստյանի սպանության գործով հերթական նիստի ընթացքում, գործով եղած ապացույցների հետազոտման արդյունքում:

Մինչ այդ հայտնեցին, որ ապարդյուն են անցել ամբաստանյալի մորը՝ Անահիտ Մարգարյանին, և ընկերուհուն բերման ենթարկելու՝ ոստիկանության ջանքերը: Արդյունքում՝ դատարանը հրապարակեց նրանց, ինչպես նաև Ալբերտի խորթ եղբոր նախաքննական ցուցմունքները:

Մասնավորապես՝ ամբաստանյալի մայրը՝ Ա. Մարգարյանը, հայտնել էր, որ ամուսնալուծված է Ալբերտի հոր հետ, ներկայումս չի աշխատում, իսկ նախկինում դերձակ է եղել: Կինը հայտնել էր, որ որդին նախկինում իր հետ է բնակվել, հետո տեղափոխվել է հոր մոտ և բնակվել տատի՝ սպանված Սիլվա Գալստյանի՝ Ձորաղբյուրի տանը:

«Ինքն ապրում և շնչում էր հոր ու տատի օդով, այսինքն՝ նրանց հետ շատ մտերիմ հարաբերություններ ուներ, Հովհաննեսն (խմբ. նախկին ամուսինը) Ալբերտին ապահովում էր գումարով: Ես Ալբերտի համար մի զույգ գուլպա անգամ չեմ առել, իսկ տատը նրան իր հետ Եվրոպա էր տանում»,- ցուցմունքում գրել է Ա. Մարգարյանն ու հավելել, որ ինքը նախկին սկեսուրի հետ լավ հարաբերություններ է ունեցել, թեև, ըստ ցուցմունքի, Սիլվան ասում էր, որ Բանգլադեշում 3-րդ սորտի մարդիկ են ապրում՝ առանց հաշվի առնելու, որ ինքը Բանգլադեշում է բնակվում:

«Մի օր Սիլվան զանգեց, ասաց՝ արի, տղայիդ տար: Հոգնել էր նրա թափթփվածությունը հանդուրժելուց, նրա համար եփել-թափելուց: Սիլվան բողոքում էր, որ Ալբերտն առանց իրեն հարցնելու մեքենան փախցրել է, ինքն էլ Ալբերտի շորերը պատուհանից դուրս է նետել, վիճել են, դուրս է հանել տանից, բայց Ալբերտն ասել է, որ չի գնա, քանի որ դա իր հոր տունն է»,- գրել է վկան:

«Նա իր տատին ավելի շատ էր սիրում, քան ինձ, միշտ ասում էր, որ ես իր համար բան չեմ արել, և որ տատն ու հայրն իր համար շատ բան են արել»,- նախաքննական մարմնին ասել է կինը:

Ա. Մարգարյանի խոսքով՝ որդին թմրանյութից, ծխախոտից, ալկոհոլից և մոլախաղերից կախվածություն չի ունեցել, բացի այդ՝ շփվող չի եղել: Նաև հայտնել է, որ խանութի աշխատակիցներից է տեղեկացել, որ Սիլվան անհետացել է: Դրանից հետո խոսել է որդու հետ, սակայն չի իմացել, որտեղ է նա: Վկայի ցուցմունքի համաձայն ՝ Ալբերտը զանգել և հայտնել է, որ հայրը՝ Հովոն, պետք է իրեն բան փոխանցի: Անահիտը նախկին ամուսնու հետ հանդիպել է Ալեք Մանուկյան փողոցում, նրանից ստացել կապոց, որը տանը ստուգելուց պարզել է, որ մեծ գումար է (խմբ. ըստ նախաքննության՝ մեղադրյալը հորից գումար է պահանջել՝ մորը տալու համար, որպեսզի տատի տեղն ասի), հետո ոստիկանների առաջարկով այն հետ է վերադարձրել:

Հիշեցնենք, որ, մեղադրական եզրակացության համաձայն, Ալբերտ Մոմջյանը, ժամանակավորապես բնակվելով իր տատ` Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից, որից հետո գիշերը իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել: