կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-08 21:00
Իրավական

Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ

Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 58-ամյա Ե.Խաչատրյանի սպանության բոլոր հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննության ընթացքում պարզվել է սպանության շարժառիթը, 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթևեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Ե.Խաչատրյանի նկատմամբ՝  բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա  կենսական կարևոր օրգանի՝ գլխի, ինչպես նաև՝ կրծքավանդակի և որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե.Խաչատրյանը տեղում մահացել է։

Քննությամբ պարզվել է նաև, որ խճուղով ընթացող մեկ այլ  վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաև նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարևանությամբ գործող  ավտոտեխսպասարկման կետ և վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նույն օրը որոշում է կայացվել ևս երկու անձի՝ Ա.Չիչոյանին և Ա.Նիկողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ՝ միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։