կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 12:26
Քաղաքական

Ընդդիմությունն ու իշխանությունը լեզու գտան. պատճառը ԵՄ-ի փողե՞րն էին

Ընդդիմությունն ու իշխանությունը լեզու գտան. պատճառը ԵՄ-ի փողե՞րն էին

ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ խոսելով 4+4+4 ձևաչափի մասին, որը հանգուցալուծվեց իշխանության և ընդդիմության միջև կոնսենսուսի մասին համաձայնագրի ստորագրմամբ, նշեց, որ դա արժեքավոր իրադարձություն է, քանի որ միշտ չէ, որ ընդդիմությունն ու իշխանությունը կարողանում են նման տարաբնույթ կարծիքների պայմաններում աշխատել մինչեւ վերջ եւ հասնել համաձայնության:

«Սա, բնականաբար, գովելի է և շատ դրական փաստ Հայաստանի քաղաքական մշակույթի համար: Ես գնահատում եմ մեր ընդդիմադիր գործընկերների կառուցողական դիրքորոշումը, բնականաբար, կարևորում եմ իշխանության կառուցողական դիրքորոշումը: Ափսոսում եմ, որ քաղաքացիական հասարակությունը չստորագրեց, թեև նշել էր, որ առաջարկների մեծ մասն ընդունվել են, ու կան դրական միտումներ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Եվս մեկ անգամ գովելով կոնսենսուսի կայացումը` նա նշեց, որ Հայաստանի քաղաքական մշակույթն անցնում է կայացման ճանապարհ, որ երկխոսությունը իշխանության և ընդդիմության միջև շատ կարևոր է: Շարմազանովի խոսքով՝ ժողովրդավարությունը նախևառաջ երկխոսություն է, որի արդյունքում կարելի է հասնել ընդհանուր համաձայնության:«Սա դրական փաստ է Հայաստանի քաղաքական դաշտի համար, լավ օրինակ կլինի նաև պառլամենտարիզմի համար»,- ասաց նա:

Անդրադառնալով լուրերին, որ կոնսենսուսն իշխանությանը պետք էր, քանի որ ԵՄ-ն գումարներ է տալու ՀՀ իշխանություններին, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ ԵՄ-ի «փողերի հետ» ինքը գործ չունի, իր համար առավել կարևոր է այն, որ ընդդիմությունն ու իշխանությունը ընդհանուր հայտարարի եկան:

«Ֆինանսավորում կլինի` լավ, չի լինի` ողբերգություն չէ, բայց էականն այն է, որ քաղաքական ուժերը մինչև վերջ կառուցողական աշխատեցին, մի կողմ դրեցին իրենց մաքսիմալիստական նկրտումները և դասական քաղաքականության կանոններով գնացին երկխոսության` առանց իրար վիրավորելու ու հայհոյելու, օրերով աշխատեցին և հասան նման արդյունքի»,- ասաց Շարմազանովը: