կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-01 10:34
Քաղաքական

Աջ ձեռքը չի հասկանում, թե ինչ է անում ձախ ձեռքը. Նաիրա Զոհրաբյան

Աջ ձեռքը չի հասկանում, թե ինչ է անում ձախ ձեռքը. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ մերժեց «Ծառուկյան» խմբակցության առաջարկած` «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշենք որ, նախագծով առաջարկվում էր երրորդ` ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից ապրանքներ ներկրելիս սահմանի վրա հետաձգել ԱԱՀ-ի գանձումը:

Հիշեցնենք, որ նախագծի առաջին ընթերցման ժամանակ իշխող մեծամասնությունը կողմ էր քվեարկել: Երկրորդ ընթերցման ժամանակ ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը վկայակոչել էր ԵԱՏՄ հիմնարար փաստաթղթի նորմերը` նշելով, որ նման նախագիծն ընդունելը կնշանակի, որ Հայաստանը հետևողական չէ միջազգային պարտավորությունների կատարման գործում:

Քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ առաջարկվող օրինագիծը հակասում է վերազգային օրենսդրությանը, ինչին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Նախագծին առաջին ընթերցմամբ խորհրդարանական մեծամասնությունը կողմ է քվեարկել, հետո նոր հասկացան, որ ինչ-որ պայմանների է հակասում։ Ի դեմս մեծամասնության՝ մենք ունենք անհասկանալի քաղաքական հանրություն, որի աջ ձեռքը չի հասկանում, թե ինչ է անում ձախ ձեռքը»։

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ տարօրինակ է, որ առաջին ընթերցումով նախագիծը միաձայն անցնում է, հանձնաժողովում երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն է ստանում, ապա` մերժվում:

Կողմ քվեարկեցին միայն «Ելք» ու «Ծառուկյան» խմբակցությունները։ Նախագիծը մերժվեց ձայների` 34 կողմ, 62 դեմ հարաբերակցությամբ: