| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն այսօր խորհրդարանում «Ոստիկանությունում ծառայություն անցնելու» մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ դիմեց հիմնական զեկուցող` փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանին և նշեց, որ ցանկանում է բարձրացնել քաղաքացիների մտահոգությունները: Ըստ պատգամավորի՝ շատ քաղաքացիներ դժգոհում են, որ վթարների, մահվան դեպքերը տարբեր հեռուստաալիքներով ու, առհասարակ, լրատվական դաշտում շատ հաճախ են ներկայացվում:
«Երեխաներ են նայում, վախենում են, կարելի՞ է այդքան բացասական նյութերով լցնել: Հիմա ավարիա է եղել, կամ դժբախտ դեպք է պատահել, մարդ է մահացել, պարտադի՞ր է մեռած ու արյունոտ մարդուն ցույց տալ, երեխաներ են նայում, տհաճ է, կարելի է որպես ինֆորմացիա ասել, բայց էդքան գունավոր ցույց տալ պետք չէ»,- ասաց պատգամավորը, ապա նշեց՝ լավ կլինի, որ քիչ կամ «մի քիչ պարկեշտ ձևով ցույց տրվեն»:
Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ այդպիսի նյութերը նմանվում են «կինոյի», ապա հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞, որ ոստիկանությունը հաղորդի, որ ավելի քիչ ցույց տան:
Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը պատգամավորի մտահոգություններին արձագանքեց՝ նշելով՝ եթե ուշադիր նայեն մասմեդիայի դաշտը, կտեսնեն՝ ոստիկանության չափը բավական քիչ է այդտեղ: «Բազմաթիվ կայքեր, լրագրողներ, հետաքննություն իրականացնողներ չարաշահում են դա: Էդ ֆոնի վրա ոստիկանությունը բավականին զուսպ է, և մեր կայքն ու 02-ը բավական զուսպ են, մենք ունենք մեր աշխատանքային նորմերը»,- ասաց նա: