Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց ճանապարհային ոստիկանության բարեփոխումների ծրագրին հավանություն տալու մասին հարցը: Նախագծում ներկայացվում են ճանապարհային ոստիկանության համակարգի խնդիրները, իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները: Դրանք են` վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթների իրականացում, որոշումների կայացում, վարչական տույժերի կատարում, օպերատիվ կառավարման կենտրոն, ճանապարհային պատահարների գրանցում և այլն: Նախատեսված է 24 միջոցառում` այդ բարեփոխումների համատեքստում: Դրանք միտված են լինելու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ճանապարհային պատահարների թվի նվազեցմանը:
Վարչապետը հարցրեց. «Մեր քաղաքացիների համար ի՞նչն է փոխվելու»: Եղիազարյանն էլ պատասխանեց, որ թեթևացնելու են վարչական բեռը, պարզեցվելու են ոլորտի շատ գործողություններ:
Կարեն Կարապետյանը խնդրեց հստակեցնել, թե ի՞նչ նկատի ունեն` ասելով, որ վարչական բեռն են թեթևացնելու: Փոխոստիկանապետը նշեց, որ նախկին տուգանքների մասով, երբ 50 տոկոս ավելացում էր նախատեսված, դա նվազեցվում է 2 անգամ` դառնալով 25 տոկոս:
«Նվազեցնո՞ւմ ենք, թե՞ հանում ենք: Մեր քաղաքացիներին դա է հետաքրքրում, որ դուք տուգանքների վրա եկած տույժերը հանեք»,- նշեց Կարեն Կարապետյանը: Փոխոստիկանապետը նշեց, որ տուգանքների վրա եկած տույժերը երկու անգամ նվազեցվում են:
Կարեն Կարապետյանը կրկին հարցրեց. «Հիմա երկու անգամ նվազեցնո՞ւմ եք, թե՞ հանում եք»:
«Հա, հանում ենք, հանում ենք, պարո'ն վարչապետ»,- վերջապես կողմնորոշվեց Վարդան Եղիազարյանը:
Կարեն Կարապետյանն էլ նկատեց. «Ոնց որ սրտով չեք հանում, ոնց որ ցանկանալով չեք հանում»:
«Չէ, պարո'ն վարչապետ, նման բան չկա»,- արձագանքեց Վարդան Եղիազարյանը: