կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-28 15:47
Քաղաքական

Իհարկե, բացասական երևույթների պատասխանատուն իշխանությունն է. ՀՀԿ-ական պատգամավորը` բանակի մասին

Իհարկե, բացասական երևույթների պատասխանատուն իշխանությունն է. ՀՀԿ-ական պատգամավորը` բանակի մասին

Բանակում չծառայած ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը հեգնանք է տեսնում մեր այն անմեղ հարցի մեջ, թե արդյո՞ք կընդգրկվի աշխարհազորում, եթե երկրի սահմանները պաշտպանելու անհրաժեշտություն լինի: Բայցեւ շտապեց հայտարարել, որ այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է նայել, թե ինչ ճանապարհ է անցել տվյալ մարդը, և ինչ դիրքորոշում կունենա յուրաքանչյուր մարդ նման հարցում:

 

«Այն, որ ես մինչ այս պահը իմ հնարավորությունների չափով, նույնիսկ` առավել ակտիվ, քան առաջ էր, իմ մասնակցությունը կունենամ այդ հարցերում, մի’ կասկածեք»,- հայտարարեց պատգամավորը` հավելելով, որ ինքն ունի լեյտենանտի կոչում և անցել է զինվորական պատրաստության ամբիոնի դասընթացները: Հարցին, թե արդյո՞ք բանակի խնդիրներում իշխանությունները մեղքի բաժին ունեն, պատգամավորը պատասխանեց, որ, առհասարակ, երկրում ցանկացած խնդիր, որը բացասական շեշտադրում ունի, հնարավոր է վերագրել իշխանություններին:

 

«Այստեղ խնդիրը հրաժարվելու կամ պաշտպանելու մեջ չէ: Բանակն այնպիսի մի արժեհամակարգ է, որ պետք է լինել մինչև վերջ անկեղծ: Իհարկե, ինչ բացասական երևույթ կա, բնականաբար, դրա պատասխանատուն իշխանությունն է: Բայց այդ բոլոր բացասական երևույթները մեր քաղաքացիական հասարակությունից է զինվորը տանում բանակ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ բանակի խնդիրները վերացնելու համար անհրաժեշտ է արմատախիլ անել նույնատիպ երևույթները նաև քաղաքացիական հասարակության առօրյա կյանքում: Պատգամավորի խոսքով` միայն այդ դեպքում բազմաթիվ խնդիրների համար հասարակությունը ստիպված չի լինի անարդարացիորեն մեղադրել բանակի հրամանատարությանը:

 

Ինչ վերաբերում է արտագաղթի արդյունքում բանակի համալրման դժվարացման խնդրին, Սամվել Նիկոյանը նշեց, որ յուրաքանչյուր հայ մարդ, այդ թվում` նաև բոլոր պատասխանատուները մտահոգված են այդ խնդրով:

 

«Ցավոք, այդ երևույթը կա»,- նշեց պատգամավորը: