Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռոբերտ Քոչարյանի՝ Yerkir.am-ին տված հարցազրույցի՝ տեսանկարահանող և լուսանկարող սարքերի ու կարմիր գծերի համակարգերի, տուգանքների մեծ չափերի վերաբերյալ հատվածին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, անդրադարձել են փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմանյանն անդրադարձել է նրանց արձագանքներին, որը Yerkir.am-ը ներկայացնում է ստորեւ.
«Ես կանդրադառնամ իշխանության ներկայացուցիչների /մասնավորապես' Երևանի քաղաքապետի և փոխոստիկանապետի/ արձագանքներին, քանի որ դրանք վերաբերում էին բարձրացված հարցերի էությանը և տեղի ունեցողի փաստարկման ու բացատրման մի փորձ էին հանդիսանում:
Բացատրությունները ոչ մի նոր բան չեն պարունակում, ըստ էության` շարադրվում է այն ամենը, ինչը և վրդովեցնում է հասարակությանը, և ինչի դեմ այն շարունակում է բողոքել: Հարց է ծագում' եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո՞ւ է հասարակության վերաբերմունքն այդքան բացասական: Չէ՞ որ մեր ժողովուրդը միանգամայն ադեկվատ է և համբերատար, նույնիսկ' չափազանց համբերատար: Ուրեմն ի՞նչն է նրան այստեղ հուզում: Այդ հարցը առաջին հերթին պիտի իրենք իրենց տան իշխանությունները, այդ թվում` և Երևանի քաղաքապետարանը:
Փոխոստիկանապետ Հովհաննիսյանի բացատրությունները, ըստ էության, ոչ միայն չտվեցին նշված խնդիրների պատասխանները, այլև բերեցին նոր հարցեր:
Այսպես` Հովհաննիսյանը բաց է թողնում գլխավոր հանգամանքը` Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում խոսք չէր գնում այն մասին, թե ինչպես են ձևավորվում տուգանքների չափերը, այլ խոսվում էր այն մասին, որ այդ չափերը համադրելի չեն մեր քաղաքացիների եկամուտների մակարդակի հետ և հաստատագրված նվազագույն աշխատավարձի զգալի մասն են կազմում: Դիմեմ գերմանական փորձին, որը Հովհաննիսյանի կողմից աղճատված է ներկայացվել:
Ահա Գերմանիայում գործող արագության գերազանցման համար տուգանքների գրաֆիկը.
Բնակելի վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները` Գերմանիայում.
Թույլատրելի արագության գերազանցում կմ/ժ/
|
Տուգանք /եվրո/
|
Մինչև 10-ը
|
15
|
11-15
|
25
|
16-20
|
35
|
21-25
|
80
|
70 և ավելի |
680 |
Չբնակեցված վայրերում թույլատրելի արագության գերազանցման համար նախատեսված տուգանքները.
Թույլատրելի արագության գերազանցում/կմ/ժ/
|
Տուգանք/եվրո/
|
Մինչև 10-ը
|
10
|
11-15
|
20
|
16-20
|
30
|
21-25
|
70
|
70 և ավելի
|
600
|
ծանոթություն. Տուգանքների աղյուսակները ամբողջական չեն, դրանք ներկայացնում են ամենից հաճախ կրկնվող տուգանքները և այն տուգանքները, որ շրջանառել էր Ս. Հովհաննիսյանը
Հիշեցնեմ, որ Գերմանիայում նվազագույն աշխատավարձը կազմում է 1380 եվրո: Այսինքն` սահմաված արագության 20կմ/ժ. գերազանցման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 2,5 տոկոսը: Հայաստանցի վարորդները այդպիսի գերազանցման համար վճարում են 30 հազար դրամ կամ նվազագույն աշխատավարձի 60 տոկոսը:
Գերմանիայում խախտումների ճնշող մեծամասնությունը կատարվում են 20-25 կմ/ժ.-ի շրջանակներում և այդ տիրութի համար միջինացված տուգանքը գտնվում նվազագույն աշխատավարձի 3 տոկոսի շրջակայքում: /Մանր խախտումների քանակը շատ ավելի շատ է, քան խոշորները, նույնիսկ` այս տիրույթի շրջանակներում/: 680 եվրո տուգանքը, որը շրջանառում է Հովհաննիսյանը, պատիժ է, որը սահմանված է արագությունը ավելի քան 70 կմ/ժ.-ով գերազանցելու համար /ճանապարհային սանձարձակության համար/: Այսպիսի դեպքերի բաժինը խախտումների ընդհանուր ծավալում չնչին է և կազմում է տասներորդական տոկոսներ: Բայց նույնիսկ այդ խիստ տուգանքը Գերմանիայում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսից քիչ է կազմում:
Ինչ վերաբերում է Հայաստանում սահմանված արագության գերազանցման, այսպես կոչված, «չտուգանվող շեմին», ապա դա արդարացման շատ թույլ փաստարկ է. այսպես թե այնպես, գոյություն ունի արագության հաշվարկման և դրա գերազանցման ինչ-որ զրոյական կետ, որից անցումով էլ հաշվարկվում է տուգանքը հայտնի չափերով:
Այժմ այն մասին, որ տուգանքների չափերը նշանակալիորեն ավելացվել են 2007 թվականին /նկատի ունեն նախագահ Քոչարյանի ղեկավարման օրոք/: Իսկապես, այդպիսի փոփոխություն եղել է հենց 2007 թվականին, սակայն այժմ տուգանքների գործնական կիրառումը հիմնվում է միանգամայն այլ տեխնիկական բազայի և տուգանողների այլ շարժառիթների վրա: Հենց այս պատճառով դժգոհությունը սկսեց կրել այսքան մասսայական բնույթ: Անցյալում թույլ տրված սխալն ուղղելու փոխարեն 2012թ.-ին, իսկ հետո նաև 2013 թվականին տուգանքների չափերը նորից ավելացան: /Տե'ս «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 07.02.2012 և 13.07.2013 թթ փոփոխությունները/:
Անհրաժեշտ է խստության խելամիտ աստիճան, որը ճանապարհներին կարգուկանոն կապահովի ՝ առանց վարորդների վրա ավելորդ հոգեբանական ճնշման: Տաքսու վարորդը Երևանում չպիտի ողջ օրն աշխատի ամբողջ աշխատավարձը կորցնելու վտանգի ճնշման տակ: Սա դժվար թե ամրապնդի անվտանգությունը ճանապարհներին: Ամենօրյա սթրեսի այդպիսի աստիճանի առկայությամբ պետությունը հետագայում իր քաղաքացիների բուժման վրա կծախսի տասնապատիկ ավելի շատ միջոցներ, քան կստանա տուգանքներից: Հնարավոր է, որ սա փոխոստիկանապետի և մասնավոր ընկերության գործը չէ, բայց, այ, կառավարության և հարկատուների գործն է` հաստատ:
Քոչարյանը հղում էր արել գերմանական փորձին հատկապես այն պատճառով, որ այդ երկրի պրակտիկան համարում է առավել հավասարակշռված: Իմիջիայլոց, գիտի և սեփական փորձով, քանի որ վերջին 5-6 տարիներին շատ է երթևեկում ղեկին եվրոպական ճանապարհներով:
Եվ հետո` Հովհաննիսյանի հայտարարությունից այդպես էլ պարզ չի դառնում, թե որքան է վաստակում մասնավոր ընկերությունը: Դատելով հրապարակված թվերից` երկու տարվա ընթացքում /2011-2013 թթ/ եկամուտի 70-30 հարաբերակցության պարագայում այդ ընկերության արդեն «ետ է բերել» իր 5 միլիարդ դրամի ներդրումները /չենք խոսում ներդրումների ծավալի գնահատման հավաստիության մասին/: Չեմ կարծում, որ Հայաստանում կան բիզնեսներ, որտեղ ներդրված միջոցները վերադարձվում են երկու տարում: Որպես արդարացում՝ մատնացույց է արվում անցումը 50-50 համամասնությանը:
Մենք երկար փնտրեցինք այդպիսի հարաբերակցություն զարգացած երկրների պրակտիկայում, բայց հուսահատված դադարեցրինք որոնումները: Գուցե պարոն Հովհաննիսյանը մեզ հուշի, թե որտեղ փնտրենք գոնե նման մի բան: Ընդհանրապես, հաշվի առնելով գործունեության բնույթն ու եկամուտների աղբյուրը, ընկերության շահույթը պետք է խստագույնս սահմանափակ լինի, իսկ եկամուտների մասին տեղեկատվությունը դառնա հանրությանը հասանելի:
Ակնհայտ է, որ խախտումներ արձանագրող մասնավոր ընկերությունը, բիզնեսի տրամաբանությունից ելնելով, անընդհատ կձգտի ավելացնել իր շահույթը՝ ավելի խորը խցկվելով մեր գրպանները: Այստեղից էլ հայտնվել են «թափառող», ինչպես նաև թիկունքից նկարահանող տեսախցիկները և այլ խորամանկությունները»:
Հ.Գ. Ի դեպ, Սողոմոնյանը հայտնեց, որ առաջիկա օրերին անդրադառնալու են նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը՝ կապված «Որոտանի»-ի վաճառքի վերաբերյալ Քոչարյանի հայտարարությանը: Սողոմոնյանը նաեւ շեշտեց. «Իսկ Կարեն Ավագյանի եւ Արամ Մանուկյանի վարկն այնպիսին է, որ անթույլատրելի շռայլություն կլինի իմ եւ ընթերցողի ժամանակը վատնել՝ նրանց արձագանքելու համար»: