Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ էր հանդիպել ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` ներկայացնելով «Բարձրագույն կրթության մասին» օրենքի փոփոխությունները:
Yerkir.am-ի հարցին, թե օրենքում անդրադարձ կա՞ դասախոսների վճարներին, քանի որ գաղտնիք չէ, որ կոռուպցիոն երևույթների զգալի մասը ցածր աշխատավարձերի հետևանք է, այսինքն` ինչպե՞ս է կարգավորվելու այդ հարցը, նախարարը պատասխանեց, որ իրենք փորձել են խնդիրը լուծել այլ ճանապարհով: «Մենք ոչ թե ուղղակի սահմանում ենք, որ աշխատավարձերի բարձրացում պետք է լինի կամ ոչ, այլ համալսարաններին որոշակի ազատություն ենք տալիս, որպեսզի, բացի ուսանողների վարձավճարներից, կարողանա եկամտի այլ աղբյուրներ ունենալ: Դասախոսների վարձատրությունը համալսարանական ֆունկցիա է. համալսարանները պետք է կարողանան լուծել որակի խնդիրը, իսկ որակի մեջ դասախոսների վարձատրությունը շատ կարևոր է: Այսինքն` բուհերը պետք է ունենան անձեռնմխելի ֆոնդեր, իրականացնեն բիզնես ծրագրեր, գիտությանը նայեն նաև իբրև եկամուտ բերելու ուղղության, համալսարանը պետք է մոտեցնենք գիտությանը, գիտությունը մոտեցնենք արտադրությանը. միայն այս ձևով է հնարավոր դասախոսների աշխատավարձերի բարձրացում»,- ասաց Մկրտչյանը:
Նա նշեց նաև, որ, իր կարծիքով, դասախոսը պետք է ինքն աշխատի իր աշխատավարձի բարձրացման ուղղությամբ: Այսինքն, ըստ նախարարի, եթե դասախոսը հանել է իր հին թղթերը և 20 տարի առաջվա դասախոսությունը հիմա էլ է շարունակելու կարդալ, պա՞րզ չէ, որ մեր երեխաները չեն ստանա իրենց վարձավճարին համապատասխան որակ: «Դրա համար դասախոսները պետք է գիտության մեջ լինեն, ընդգրկվեն տարբեր ծրագրերում, մասնագիտությունը մոտեցնեն արտադրությանը: Պետք է վերանայվի նաև ադմինիստրատիվ ապարատը. ինչպե՞ս կարող է 4000 ուսանող ունեցող համալսարանն ունենալ 5 պրոռեկտոր, որտեղի՞ց են նրանք այդ գումարները ստանում, ուսանողների վճարից, չէ՞: Համալսարանները պետք է իրենց ռեսուրսները ճիշտ գնահատեն, ի վերջո, դրանք գործում են ուսանողների համար, ոչ թե` դասախոսների: Օրենքն այս ճանապարհը բացում է»,- նշեց Մկրտչյանը: