կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 17:55
Քաղաքական

Աշխատավարձի բարձրացման կարիք չունեմ. Սյունիքի մարզպետ

Աշխատավարձի բարձրացման կարիք չունեմ. Սյունիքի մարզպետ

«Գերազանց եմ զգում նոր պաշտոնում, թեկուզ աշխատանքը ծանրաբեռնված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

 

Հարցին` ինչ հարաբերություններ ունի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, նա պատասխանեց. «Նորմալ հարաբերություններ, բայց ես որևէ մեկի գնահատականը չեմ տալիս, ես պարզապես իմ պարտականություններն եմ կատարում»:

 

Yerkir.am-ի դիտարկմանը, թե` ինչո՞ւ ընտրեցիք քաղաքականությունը և ոչ բիզնեսը, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Ինձ նշանակել են որպես Սյունիքի մարզպետ, և ես` իմ գիտելիքները ասեմ, թե` բիզնեսից ստացած փորձը ասեմ, բոլորը ցանկանում եմ համադրել ու ծառայեցնել ի նպաստ ժողովրդի»:

 

Խոսելով բարձր պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման և գործազուրկների նպաստի դադարեցման մասին` մարզպետը կարծիք հայտնեց, որ ցանկացած աշխատանք պետք է գնահատվի, և պետությունն էլ իր հերթին պետք է աշխատատեղեր ստեղծի, այսպիսով` աշխատատեղ տալով ու աշխատանքը խրախուսելով կարելի է որակ բարձրացնել:

 

«Իհարկե, տեսնելով մեր պետության ներսում որոշակի խնդիրներ, մենք շատ հաճախ մտածում ենք, որ արդարացված չի աշխատավարձերի այդ բարձացումը, բայց կարծում եմ, որ, չինովնիկի աշխատավարձը բարձրացնելով, կարելի է նրանից պահանջել, որ նա ավելի լավ կատարի իր պարտականությունները»,- ասաց Սյունիքի մարզպետը:

 

Մեր հարցին` Ձեզ բավականացնո՞ւմ է Ձեր աշխատավարձը, մարզպետը փոքր-ինչ շփոթված պատասխանեց. «Անկեղծ ասած` ինձ չի հերիքում»: Հետո ուղղեց իրեն` ասելով. «Ուզում էի ասել աշխատավարձի բարձրացման կարիքը չունեմ»: