կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 13:20
Տնտեսական

ՓՄՁ ԶԱԿ-ը պետք է ավելի հրապարակային աշխատի

ՓՄՁ ԶԱԿ-ը պետք է ավելի հրապարակային աշխատի

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձաժողովում քննարկվում էր 2015թ. պետական բյուջեի կատարողականը: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ծախսերի 7.8%-ը տրամադրվել է տնտեսական հարաբերությունների բաժնին` կազմելով ավելի քան 109.8 մլրդ դրամ և 104.6%-ով ապահովելով ծրագրի կատարումը: Հատկացված ֆինանսական միջոցների հիմնական մասն ուղղվել է տրանսպորտի (58.1%) և գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության ու որսորդության (31.2%) բնագավառների ծրագրերի իրականացմանը:

Ընդհանուր բնույթի տնտեսական, առևտրային և աշխատանքի գծով հարաբերությունների դասի ծախսերը կազմել են շուրջ 3.6 մլրդ դրամ` 92.8%-ով ապահովելով ծրագրային ցուցանիշի կատարումը և 0.6%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

Հիդրոօդերևութաբանության ծառայությունների ձեռք բերման ծախսերը կազմել են 914.6 մլն դրամ:

Հայաստանում ՓՄՁ պետական աջակցության ծրագրին հատկացվել է 152.3 մլն դրամ: Նախորդ տարվա համեմատ` այս ծախսերն աճել են 0.2%-ով:

2015 թվականին ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության ծախսերը կազմել են 475 մլն դրամ:

Տնտեսական ոլորտի վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց նաև էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց ուղղեց նախարարին ՓՄՁ ԶԱԿ-ի մասին: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այդ կառույցի գործունեությունն այդքան էլ բաց ու թափանցիկ չէ, արդյո՞ք նրա մասին գիտեն բոլոր ՓՄՁ-ները: «Կա՞ն տվյալներ, թե այդ կառույցի կողմից տրված վարկերի արդյունքում ինչ արդյունքներ ունենք, ինչ տնտեսական աճ է արձանագրվել: Կա՞ն որակական գնահատականներ կառույցի գործունեության վերաբերյալ»,- հարցրեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ ՓՄՁ դերակատարությունը երկրի կյանքում պետք է լինի առավել տեսանելի, շոշափելի, և դրա հիմնական պատասխանատուն էկոնոմիկայի նախարարությունն է, նաև` ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, որը կոնկրետ թիրախային գործունեություն է իրականացնում:

«ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը ամբողջությամբ բացվելու, ներկայացվելու կարիք ունի, դրանում կարող են մասնակցություն ունենալ քաղաքացիական կառույցները, պետական կառավարման մարմինները: Նախորդ տարի ՓՄՁ ԶԱԿ-ն իսկապես իրականացրել է մեծածավալ աշխատանք, քանի որ ներկայացվող թվերը պատկառելի են. միայն 94 տոկոսը մարզերին է վերաբերել, միայն 5 տոկոսն է, որ Երևանին է ցուցաբերվել»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ ցավոք, այդ ուղղությամբ առանձին վիճակագրություն չի իրականացվում, որպեսզի հնարավոր լինի թվային տվյալներ ներկայացնել, թե ինչ ազդեցություն է ունենում ՓՄՁ ԶԱԿ-ը: Նախարարը համաձայնեց, որ այդ կառույցը պետք է փոխի իր աշխատանքի ոճը ու դառնա ավելի հրապարակային: Եվ այդ հիմնական խնդիրն է դրված ՓՄՁ ԶԱԿ նորանշանակ տնօրենի առջև: