Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացնում էր կառավարության ծրագիրը: ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հարցրեց, թե կառավարության ծրագրում ո՞ր երկրների փորձն է հիմնականում հաշվի առնվել: Պատգամավորը հարցրեց նաև Ժողովրդագրական միտումների ու մարտահրավերների մասին: Նա նաև կարծիք հայտնեց, որ կառավարության` ներկայացված ծրագիրը կարելի է բնութագրել որպես «արդյունավետ կառավարում», ինչի համար անհրաժեշտ է կարգավորել կրթության ոլորտի խնդիրները, որոնք կապահովեն պետությանը որակյալ կադրերով:
Վարչապետը նախ նշեց, որ որևէ երկիր օրինակ չի ծառայել կառավարության ծրագիրը մշակելիս, քանի որ չկա այն իդեալական կառավարման համակարգը, որը կարելի է կիրառել ցանկացած երկրում: «Կառավարության ֆունկցիան այն է, որ մաքսիմալ արդար, հավասար պայմաններ ստեղծի ժողովրդի` բիզնեսմենի, գիտնականի և այլոց ներուժը զարգացնելու համար, և ժամանակ առ ժամանակ կատալիզատորի դեր կատարի, երբ տեսնում է, որ պասիվություն ու հուսահատություն կա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ժողովրդագրական խնդիրներին, վարչապետն անկեղծորեն նշեց, որ կառավարության ծրագիրը հենց դրան է ուղղված, և եթե մարդիկ վաղվա օրվա նկատմամբ հույս, հավատ ունեն, եթե լավ են ապրում, ապա չեն գնա երկրից, ու ծնելիությունն էլ կաճի: «Մարդ պետք է կարողանա փող աշխատել, լավ ապրել ու իրեն պաշտպանված զգալ»,- ասաց նա:
Կրթության ոլորտի վերաբերյալ Կարեն Կարապետյանը նշեց, որ կառավարությունն այդ ոլորտին հատուկ ուշադրություն է դարձնելու, և որ գրագետ ու կրթված կառավարիչ ունենալը չափազանց կարևոր է Հայաստանի համար:
«Մեր ազգը պետք է վերարտադրվի, միանշանակ, դրա մասին խոսք չկա: Այնպես անել, որ հայ մարդը իր երկրում աշխատելու ապրելու համար ապահով զգա, հանգիստ զգա, բավարարված զգա, վաղվա օրվա նկատմամբ էլ հավատ ունենա: Թե ի՞նչ գործիքակազմով, դա քննարկելի է»,- ասաց վարչապետը: