կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-28 21:01
Հասարակություն

Երկրում աննորմալ օրգանիզմ է ձևավորվել` գլուխը մեծանում է, մարմինն ու ոտքերը մնում են նվազ

Երկրում աննորմալ օրգանիզմ է ձևավորվել` գլուխը մեծանում է, մարմինն ու ոտքերը մնում են նվազ

Մեր երկրում երիտասարդությունը շատ է քաղաքականացված, և դրա բացատրությունը զբաղմունքի բացակայությունն է: Նման տեսակետի է հակված երիտասարդ դաշնակցական,  Հայ-ռուսական համալսարանի ինֆոհեռահաղորդակցության և կապի համակարգեր բաժնի մագիստրատուրայի ուսանող Հայկ Մանուկյանը:

«Եթե  մարդն աշխատանք ունենա, օրը հագեցած լինի, արդեն ժամանակ էլ չի ունենա այլ բաներով զբաղվելու, կապրի իր կյանքով, քաղաքականացված էլ չի լինի: Զարգացած երկրներում հարցում է անցկացվում, եւ ժողովրդի 90 տոկոսն իր վարչապետի անուն-ազգանունը չի կարողանում նշել, ինչո՞ւ է այդպես, որովհետև մարդիկ զբաղված են իրենց գործով, իրենց անելիքով, իրենց կյանքով, էլ ո՞ւմ կհետաքրքրի, թե ով է երկրի վարչապետը: Մեզ մոտ այդպես չէ, ամբողջ օրը նստում են սոցիալական ցանցերում ու քննարկում ինչ-որ անհասկանալի թեմաներ»,-  Yerkir.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց Հայկը: 

Որպես օրինակ էլ` բերեց վերջերս քննարկման առարկա դարձած` ռուսաց լեզվին կարգավիճակ տալու հարցը: «Ռուսաստանի Ճ կլասի գործիչներից մեկը ասել է, թե ռուսաց լեզվին պետք է հատուկ կարգավիճակ տալ նախկին ԽՍՀՄ երկրներում: Մեզ մոտ, սկսած լրագրողներից, որոնք ում բռնում են՝ դեկան լինի, թե` ասիստենտ, հարց են տալիս՝ ի՞նչ կարծիքի եք, վերջացրած սոցիալական ցանցերում նստած քննարկողներից, որոնց միայն մի այդպիսի չնչին առիթ է պետք, եւ գնաց… Ու սա այն դեպքում, երբ ԿԳ նախարարն ամեն ինչ շատ հստակ հայտարարել է՝ Հայաստանում պետական լեզուն հայերենն է»,- նշեց Հայկը:

Նրան զարմացնում է այն փաստը, որ ինչ-որ օտար մեկի ասածը մեզանում այդքան լայն քննարկման առիթ է դառնում: «Մենք միշտ, ազգ-բանակի հետ կապված, լեզվի հետ կապված, Իսրայելին ենք օրինակ բերում, նրանց սփյուռքը համեմատում ենք մերի հետ: Մի իսրաելցու խոսեցնես, և՛ ռուսերեն կխոսի, և՛ անգլերեն կխոսի, դա ի՞նչ է, վատ բա՞ն է: Հիմա մեզ մոտ ո՞վ ռուսերեն գիտի, ավելի շատ անգլերենի ենք գնում: Իսկ հայոց լեզո՞ւն: Թող մեկն ասի, որ օգտագործում է «հեռակառավարման վահանակ» արտահայտությունը: Հայերեն չենք խսում, մեր լեզուն արհամարհում ենք, բայց ինչ-որ ռուսական գործչի ասածը մեծ պատմություն ենք դարձնում: Մենք մեր լեզուն պահենք, տեսնեմ` ո՞վ կարող է ինչ-որ օտար լեզվի կարգավիճակ տալ մեր երկրում»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Հայկի` հիմա երիտասարդությունը ձգտում է բարձրագույն կրթություն ստանալ, բայց դա հաճախ անում են ոչ թե, որ իսկապես ուզում են սովորել, այլ մմրցակցություն կարծես դարձած լինի այդ` բարձրագույն կրթություն կոչվածը:

«Այս աշխարհում կա'մ լավ մասնագետ պիտի լինես, կա'մ  դիպլոմ ունենալու համար իզուր չգնաս սովորելու:  Հիմա մեր երկրում միջակությունները շատ են, նաեւ ԲՈՒՀ-երն են բուծում միջակություն, դրանից էլ, բնականաբար, գործ չեն կարողանում գտնել, ու սկսվում է դժգոհությունների շարքը»,- ասաց Հայկը, ապա հավելեց. «Պետք է լինես լավը, լավ մասնագետ, որ քո տեղը գտնես: Որ երկրում ուզում է լինես, ամենակոռումպացված երկրում էլ լինես, գտնելու ես աշխատանք, եթե իսկապես մասնագետ ես»:

Նա, միաժամանակ, համարում է, որ եթե գործարաններ լինեն, որոնք կոնկրետ մասնագիտություններ պահանջեն, երիտասարդը հենց դա էլ կսովորի: «Օրինակ` եթե կարի արտելներ շատ լինեն, մարդիկ դերձակություն կսովորեն, կաշխատեն այդտեղ, կիմանան որ գործը կլինի, ինչ-որ մասնագիտություն կսովորեն, իսկ հիմա բոլորը ձգտում են բարձրագույն կրթության: Մեկը մեկին նայելով` ասում է`  իմ երեխեն պետք է գնա սովորի, իսկ թե ի՞նչ են սովորում, դա իրենք էլ չեն հասկանում»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Հայկի խոսքով` երիտասարդությունն ունի  մեղքի իր բաժինն այդ ամենում` հենց այդ միջակության տարածվածությունն ու չկողմնորոշվածությունը: «Իսկ ահա երկրում կայուն վատ վիճակ է պահվում, կարևորը կայունն է»,- կատակեց նա:

Երիտասարդ և ընդհանրապես քաղաքացի կրթելը, ըստ նրա, միայն ուսմանը չի վերապահվում, նաեւ` ֆիլմերին, հեռուստաընկերություններին: «Հայֆիլմ»-ի արտադրության ֆիլմերը նայում ես` ասելիք ունեն, ոչ թե այսօրվա ֆիլմերի նման`  թմրանյութ վաճառել, փող գողանալ, ինչ-որ անհասկանելի արժեքներ ցուցադրել: Ինչ մատուցում են, այն էլ վերցնում ես: Մանավանդ` մի տարիք կա` 15-16 տարեկանը, միշտ վատին են գնում, իսկ դա շատ վատ է: Սովորելը միշտ դժվար է, ուստի այն, ինչ ուսուցողական է, սովորելու հետ է կապված, քիչ են մատուցում»,- դժգոհեց Հայկը, ապա հավելեց.  «Ասում են՝ սա են պահանջում, սա ենք ցուցադրում: Դա ի՞նչ ասելու բան է: Ուրիշ ասելու բան չունեն, ուրիշ պատասխան չունեն: Վատը հեշտ է ընկալվում, մանավանդ` դեռահասների կողմից, իսկ այսօր ամրագրենք այն փաստը, որ անորակությունը, անճաշակությունը եթերից ավելի շատ է մատուցվում»:

Հայկը մեկ այլ մտահոգություն էլ ունի. մեր երկրում մի աննորմալ օրգանիզմ է ձևավորվել` գլուխը մեծանում է, իսկ մարմինն ու ոտքերը մնում են նվազ: «Երևանը զարգանում է, ամեն ներդրում Երևանում է կատարվում, մեր բնակչության 40 տոկոսը երևի Երևանում է ապրում: Մի աննորմալ օրգանիզմ է ձևավորվել` գլուխը մեծանում է, մեծանում, բայց մարմին չկա, այսպես` բարակ մարմնի վրա օրորվում է այդ գլուխը, ու մի հարված է պետք, որ տաս ոտքերին, ու գլուխը կընկնի: Հետո չգիտես` այդ գլուխը կկոտրվի՞, թե՞ պնդաճակատ կլինի ու կմնա»,- ասաց նա` պարզաբանելով, որ գլուխը Երևանն է, իսկ մարմինը մարզերը, սահմանամերձ գոտիները, որ ամրացված չեն: Բարեբախտաբար, ըստ նրա, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն իրավիճակը շտկելու համար հստակ աշխատանքներ է սկսել իրականացնել:

Հայկը նշեց, որ շատ գյուղերում երիտասարդություն չի մնացել, մի մասը գնում է արտագնա աշխատանքի, հետո վերադառնում, մի մասը գնում է ու չի վերադառնում, ապա ասաց, որ արտագաղթի մասին կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու մտահղացում ունի:
«Արտագաղթն ի՞նչ ազդեցություն է թողնում, ի՞նչ տարբերություն` երեխան ո՞րբ է մեծանում, թե՞ հայրն այլ երկրում է աշխատում: Այդ երեխան, միևնույն է, հայրական դաստիարակություն չի տեսնում, և այդպես ընտանիքների քայքայում է սկսում: Իսկ ազգի հիմքը ընտանիքի ամրությունն է, որը հաճախ քանդվում է արտագաղթի միջոցով: Սրա մեղավորը, բնականաբար, թոշակառուն ու արտագաղթողը չեն…»,- ասաց նա:

Առհասարակ, երիտասարդության հիմնական խնդիրը, ըստ մեր զրուցակցի, զբաղվածության խնդիրն է: «Երիտասարդների համար աշխատատեղի պակաս կա, դա գալիս է նրանից, որ հին կադրերին ասում են` մեր կոլեգան է, մեր հին աշխատողն է, ո՞նց կլինի գործից ազատենք: Այսօր պետական պաշտոնում աշխատողը, ով արդեն թոշակառու է, շարունակում է աշխատել` և' թոշակ է ստանում, և' աշխատում է: Նրանք այդպես աշխատում են, ու ազատ տեղ չի մնում` երիտասարդին աշխատատեղ տրամադրելու համար»,- նշեց նա:

Հայկն այն կարծիքին չէ, որ մարդիկ արտագաղթում են հիմնականում սոցիալական խնդիրների պատճառով: «Արտագաղթի պատճառները շատ են ու հիմնավոր. արդարության պակասն է ամենից շատ, հավատի բացակայությունը դեպի լավը»,- ասաց նա, հավելելով` արտագաղթը կասեցնելու համար ամենից առաջ պետք է արդարությունը վերականգնել: