Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը, խոսելով Պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացման օրենքի նախագծի մասին, ներկայացրեց օրենքի դրական և բացասական կողմերը: Նրա համոզմամբ` օրենքը շատերի կողմից անձնավորված է մեկնաբանվում, քանի որ սկսում են համեմատել պատգամավորների ու նախարարների աշխատավարձերը, այնինչ պետք է ձերբազատվել այդ մոտեցումից:
Դավիթ Հարությունյանը քննարկվելիք փաստաթուղթը համարում է ոչ թե օրենք աշխատավարձերի մասին, այլ քաղաքական փաստաթուղթ, որն արտացոլում է, թե ով ինչպիսի դերակատարում պետք է ունենա` երկրում որոշումների կայացման տեսանկյունից. «Ահա` ինչու մենք թույլ ենք տալիս, որ մեկի աշխատավարձը մյուսից 0,5 տոկոսով ավելի լինի, քանի որ մենք դրա մեջ քաղաքական մոտեցում ենք դնում»:
ՀՀԿ-ական պատգամավորը համեմատություն անցկացրեց Սինգապուրի հետ, որի վարչապետը հանրային բարեփոխումների քննարկման ժամանակ ասել է. «Թեև ես ունեմ տարածաշրջանում ամենաբարձր աշխատավարձը, սակայն ֆինանսական առումով ես ունեմ ամենանվազ կարողությունները»:
Այսինքն` թեև ուրիշ երկրներում ցածր է աշխատավարձը, բայց կոռուպցիայի մակարդակն էլ է ուրիշ: Դավիթ Հարությունյանը համաձայնեց անգամ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի դիտողությանը` կոռուպցիայի հետ կապված. «Նույն Սինգապուրում դատական իշխանությանը առանձնահատուկ դեր տվեցին, բայց նաև համաձայն եմ պարոն Մանուկյանի հետ` միայն աշխատավարձերի բարձրացումով չէ, որ կոռուպցիան կկրճատվի ու կլինեն փոփոխություններ, անհրաժեշտ են նաև բովանդակային փոփոխություններ»:
Ինչ վերաբերում է օրինագծի ներկայացման ձևին, Դավիթ Հարությունյանը ներկայացրեց մի քանի դիտողություններ, մասնավորապես թերի էր փաստաթղթի բովանդակային կողմը` ընդհանուր հղումների ներքո: Նա անդրադարձավ նաև ԱԺ պատգամավորների դերակատարմանը:
«Այս փաստաթուղթն արտացոլում է իշխանության յուրաքանչյուր մարմնի դերակատարումը: Այն, ինչ փաստացի կա, մենք ենք մեղավոր, որ մեր դերակատարումն այդքան նվազ է, ու այդքան բարձր արժևորված չէ այս երկրում, մենք պետք է մտածենք քայլեր, թե ինչպես մեր դերակատարությունը բարձրացնենք, եւ ոչ թե արհեստական, այլ բնական»,- ասաց Հարությունյանը: