կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-05 12:25
Իրավական

Նվազ նշանակության իրավախախտում. ո՞ր դեպքում է վարորդն ազատվում տուգանքից

Նվազ նշանակության իրավախախտում. ո՞ր դեպքում է վարորդն ազատվում տուգանքից

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և օրենքին կից ներկայացված օրենքների փաթեթն ուժի մեջ է մտել հունվարի 11-ից:

Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանի խոսքով` օրենքի ընդունումից հետո մինչ օրս նվազ նշանակության իրավախախտումների թիվը, որոնց դեպքում վարորդը ոչ թե տուգանվում, այլ նկատողություն է ստանում, երեք անգամով գերազանցում է արձանագրված իրավախախտումների թիվը:

Ըստ նրա` նվազ նշանակության իրավախախտման դեպքում վարորդը տեղում պատասխանատվության չի ենթարկվում. խախտման վտանգավորության աստիճանից ելնելով` զգուշացնում են վարորդին, և եթե նա տեղում կամ, որոշ դեպքերում, 24 ժամվա ընթացքում շտկում է խախտումը, չի տուգանվում:

«Նվազ նշանակության իրավախախտում է համարվում, երբ դիմապակիները թաղանթապատված են, կամ երբ, օրինակ, տեխզննման թուղթը դիմապակուն փակցված չի լինում: Ավելին` թաղանթապատված ապակիներով բացառիկ մեքենաներ են մնացել երևի, որոնք վրիպել են ՃՈ-ի աչքից: Սակայն խնդիրն այն է, որ վարորդները սկսել են օգտվել նախազգուշացման դրույթից, և եղել են դեպքեր, որ նույն մարդուն այս 6 ամսվա մեջ 11 նկատողություն ենք արել»,- ասաց Չիլինգարյանը:

Ըստ նրա` օրենքը բավականին ճկուն է և վարորդներին հնարավորություն է տալիս, շատ դեպքերում տուգանքից ազատվելով, նկատել իրենց խախտումները և շտկել դրանք: Օրինակ, ըստ Չիլինգարյանի, երբ վարորդը կանգառի կանոնները խախտում է` սահմանափակվելով 1 րոպեի մեջ /իսկ 1 րոպեում  վարորդը 4 ուղևոր կարող է իջեցնել կամ վերցնել/, ապա այդ դեպքում ոչ թե տուգանվում է, այլ նկատողություն ստանում, քանի որ դա համարվում է նվազ նշանակության իրավախախտում: Նվազ նշանակության իրավախախտում է համարվում նաև այն դեպքը, երբ վարորդը հոծ գիծը չի խախտել 4 անիվներով, ինչը, ըստ Չիլինգարյանի, ևս հօգուտ վարորդների է: 

Չիլինգարյանը տեղեկացրեց նաև, որ շուտով վարորդները հնարավորություն կունենան էլեկտրոնային տարբերակով տեսնելու իրենց` նվազ նշանակության իրավախախտումները:

«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն էլ նշեց, որ օրական իրենց մոտ է այցելում 5-10 վարորդ, որոնք չեն հասկանում` խախտում արե՞լ են, թե՞ ոչ, և պատճառը օրենքի մի շարք դրույթների` ոչ հստակ լինելն է:

«Օրինակ` օրենքում ասվում է, որ նվազ նշանակության իրավախախտում է համարվում, երբ վարորդը խախտել է կանգառի կանոններն ու կանգնեցրել մեքենան` չստեղծելով վթարային իրավիճակ, նա չի տուգանվում: Կներեք, իսկ ո՞րն է վթարային իրավիճակ ասվածը… Օրենքում սահմանված չէ հստակ, թե ինչ ասել է վթարային իրավիճակ: Հիմա եթե վարորդը խախտել է կանգառի կանոնը և կանգնել, որ ուղևոր իջեցնի, և մեկ ուրիշ վարորդ ստիպված է լինում խախտել հոծ գիծն այդ մեկի պատճառով, սա վթարային իրավիճակ համարվո՞ւմ է»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ այս պահին իրենց դիմած վարորդների բողոքների հետ կապված բացվել է մեկ դատական գործ: