կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-13 16:06
Հասարակություն

Մեր երկրում ձևավորվել է ատելության աննախադեպ մթնոլորտ. Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

Մեր երկրում ձևավորվել է ատելության աննախադեպ մթնոլորտ. Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել: Yerkir.am-ի տեղեկացմամբ այս մասին նա հայտնել է ՀԽ անդամներին ուղղված իր հրաժեշտի նամակում, որը հրապարակվել է խորհրդի պաշտոնական կայքում։

«Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդին համախմբել համազգային խնդիրների շուրջ, նպաստել մեր քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն: Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել»,– գրել է նա։

Վազգեն Սարգսյանի պնդմամբ՝ երբ աշխարհում ու մեր տարածաշրջանում ավելացել են նոր վտանգներ ու մարտահրավերներ, ՀՀ իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը և այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել Հանրային խորհուրդը։

«Փոխարենը իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը. դա անցումային արդարադատությունն է, առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխությունները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրավական համակարգն օգտագործելը և այլն»,– գրում է Մանուկյանը։

Նա նաև հիշեցնում է, որ ՀԽ վերջին նիստում հայտարարել է, որ մի քանի անգամ փորձել է հանդիպել վարչապետի հետ։ Բայց այդ նիստից ևս անցել են օրեր ու Փաշինյանից դարձյալ ոչ մի արձագանք չի ստացվել:

«Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը»,– տեղեկացնում է Մանուկյանը:

Իր բաց նամակում Մանուկյանը նաև շնորհակալություն է հայտնում բոլորին, որոնցից շատերի հետ 2009 թվականից է ճանապարհ անցել, և հույս հայտնում, որ հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել իր նպատակներին:

Հիշեցում

Վազգեն Մանուկյանը 1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր:Նա եղել է ԱԺՄ վարչության առաջին նախագահը, Հայաստանի երկրորդ հանրապետության առաջին վարչապետը: 1991 թ. սեպտեմբերի 26-ին Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից: 1991 թ. շարժման ակտիվ մասնակիցների և համախոհների հետ նախաձեռնել է ԱԺՄ կուսակցության հիմնադրումը: 

Մեկ տարի անց՝ 1992 թ. սեպտեմբերին Մանուկյանը նշանակվել է ՀՀ պետնախարարի, այսուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար` միևնույն ժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը:1993 թ. օգոստոսին ազատվել է պաշտոնից:

1990-2007 թթ. Վազգեն Մանուկյանը եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ, իսկ 2009 թ. մարտից ՀՀ Հանրային խորհրդի նախագահն էր: