կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-24 15:26
Իրավական

Բարձրաստիճան պաշտոնյաները երաշխավորել են կալանքի տակ գտնվող Արշակ Սադոյանի որդու համար

Բարձրաստիճան պաշտոնյաները երաշխավորել են կալանքի տակ գտնվող Արշակ Սադոյանի որդու համար

ՀՀ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, երաշխավորել են Հանրային խորհրդի անդամ` Սարի թաղի անկարգությունների գործով կալանավորված Արշակ Սադոյանի որդու՝ Արեգ Սադոյանի համար: Այս մասին այսօր դատարանում հայտնեց Սադոյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը:

Այսօրվա նիստում ամբաստանյալները ներկայացրեցին իրենց կենսագրական տվյալները: Մասնավորապես` Ռաֆայել Կարագոզյանը հայտնեց, որ 28 տարեկան է, ունի երկու եղբայր, միջնակարգ կրթություն, մինչև կալանավորվելը շինարարությամբ է զբաղվել:

Արշակ Սադոյանի 34-ամյա որդին էլ հայտնեց, որ ունի բարձրագույն կրթություն և, մինչ կալանավորվելը, պայմանագրային հիմունքներով 7 տարի ծառայել է խաղաղապահ զորքերում:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արեգ Սադոյանը և Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած` հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահանը:

Զուռնաչյանը և գործով մյուս ամբաստանյալ Ռաֆայել Կարագոզյանի պաշտպանները միջնորդեցին դատարանին` արագացված դատական ակտի կիրառել, ինչին մեղադրող դատախազը չառարկեց: Երկու ամբաստանյալներն էլ հայտնեցին, որ համաձայն են ներկայացված մեղադրանքին և ընդունում են իրենց մեղքը: Միջնորդության դեմ չառարկեց նաև մեղադրող դատախազ Պետրոսյանը, ով նախկինում առարկել էր նման կարգ կիրառելու դեմ:

Ուշագրավ է, որ նախորդ դատական նիստում Արշակ Սադոյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ իր որդին չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Նա նշել էր, որ որդու դեմ հարուցված քրեական գործը շինծու է, և նրան կալանքի տակ պահելու միակ հիմքը 1 րոպեանոց տեսանյութն է, որից չի երևում` որն է իր որդին և ինչ է անում: «Իմ պատճառով տղայիս պատժում են, իմ անզգույշ արտահայտած որոշ խոսքերի պատճառով, որոշ անձերի վիրավորելու պատճառով որդուս պատժում են»,- ասել էր Արշակ Սադոյանը:

Բայց ահա պարզվում է, դատախազությունը մտափոխվել և որոշել է Սադոյանի որդու գործը քննել «հապշտապ»: Այսպիսով` դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունն ու անցավ գործի արագացված դատաքննության կարգին:

Նշենք, որ դատարանը արագացված կարգով դատական քննություն անցկացնելիս քրեական գործով ձեռք բերված ապացույցների ընդհանուր կարգով սահմանված հետազոտություն չի կատարում: Սակայն ուսումնասիրում է ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Դատարանը արագացված կարգով դատական քննության արդյունքում մեղադրական դատավճիռ կայացնելիս նշանակում է պատիժ, որը չի կարող գերազանցել կատարված հանցագործության համար նախատեսված առավել խիստ պատժի երկու երրորդը, իսկ եթե առավել խիստ պատժի երկու երրորդը փոքր է տվյալ հանցագործության համար նախատեսված առավել մեղմ պատժից, ապա` առավել մեղմ պատիժը: