Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի նշանակման մասին հարցերին: Մասնավորապես հարցին՝ այլ անուններ էին շրջնառվում, ինչո՞ւ ընտրությունը կանգ առավ հենց Սադոյանի վրա, նա պատասխանեց, որ շրջանառվելը չգիտի, բայց կոռեկտ չէ մոտեցումը, որ մինչև հրամանագիր ստորագրելը փորձում են անուններ տալ, դա ընդունված չէ և կոռեկտ չէ հարևան երկրի հանդեպ: «Հարևան Վրաստանի կողմից մեզ մոտ բազմաթիվ դեսպաններ են նշանակվել, բայց նրանց մամուլը դրա մասին երբևէ չի գրել»,- ասաց փոխնախարարը:
Դիտարկմանը՝ նորանշանակ դեսպանը հայտնի է «շուն խփող» անունով, բացի այդ` բիզնեսմեն է, և հարցին՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվում դեսպանները, Քոչարյանը պատասխանեց. «Նախագահի իրավասության մեջ է դեսպանի նշանակումը, իսկ դեսպանի աշխատանքի մասին դատում են նրա կատարած աշխատանքով. կաշխատի, այդ ժամանակ կտանք գնահատական»:
Հարցին էլ՝ Վրաստանում շներն ապահովագրվա՞ծ են, արձագանքեց. «Այդ հարցն իմ տիրույթում չէ»:
Շավարշ Քոչարյանը խնդիր չի տեսնում նաև այն բանում, որ նորանշանակ դեսպանը դիվանագետ չէ: «Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում կա այն պրակտիկան, որ դեսպանների նշանակումը քաղաքական է լինում»,- ասաց նա:
Հարցին՝ հաշվի առնելով խորհրդարանում Սադոյանի աշխատանքի փորձը` ի՞նչ ակնկալիք ունեք նրանից` որպես դեսպան, Քոչարյանը կրկին պատասխանեց, որ դեսպանի մասին դատում են նրա կատարած աշխատանքով: