Կոչում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ
Չնայած մեզ մոտ խորհրդարանական համակարգ է հաստատվել եւ խնդիրները հիմնականում պետք է լուծվեին ներկայացուցչական մարմնի կողմից, բայց հասկանալի պատճառներով` գործնականում բոլոր կարեւոր որոշումները ընդունվում են մեկ անձի կողմից, իր բոլոր վտանգավոր հետեւանքներով:
Ես ուշադիր հետեւում, փորձում էի հասկանալ թե ինչ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը նախ մայիսի սկզբից շտապեց ազդեցիկ շատ սահմանափակումները հանել եւ հետո էլ, չնայած բազմաթիվ ահազանգերին, զգուշացումներին, մինչ այժմ բացի դիմակների, ձեռնոցների մասին խոսելուց վարակի կանխարգելմանը ուղղված այլ լուրջ քայլերի չի դիմում:
Ես չգիտեմ ովքեր են խորհուրդներ տալիս նրան: Չգիտեմ ոնց են նրանք համոզել, որ կա ինչ-որ կոլեկտիվ իմունիտետ, որ հիվանդությունը այդքան էլ սարսափելի չէ, որ մահերը այդքան էլ շատ չեն լինելու եւ չարժե այդ պատճառով վնասել տնտեսությանը: Հավանաբար դա է պատճառը, որ վերջերս նա ավելի հաճախ է խոսում ասիմպտոմ հիվանդների մասին, պնդում որ մեր մոտ 100 հազարից շատ ավելի վարակակիրներ կան: Դա է հավանաբար պատճառը, որ արդեն փորձում է համոզել, որ վարակի դեմը այլ ճանապարհներով հնարավոր չէ առնել, ինքը մեղք չունի, մեկ է ստիպված ենք քայլել դժոխքի միջով, բայց կարող ենք դա անել քիչ կորուստներով:
Ի հարկ է տնտեսական հեղափոխության տեսլականը շատ հրապուրիչ է: Ի հարկե սահմանափակումները լուրջ վնաս կարող են տալ: Բայց չհասկանալ, թե որքան թանկ արժե մարդկային կապիտալը եւ եթե չփորձենք հնարավորինս կանխել վարակի տարածումը ինչ արժեքավոր մարդկանց ենք կորցնելու` կարծում եմ առաջնորդը պարտավոր էր առաջին հերթին դրա մասին մտածեր:
Սիրելի հայրենակիցներ մենք ամենաթույլ, հետամնաց ազգը չենք: Մեր վատ սովորությունների, կարողությունների պակասի պատճառով չէ, որ հայտնել են ամենավերջինների ճամբարում: Եթե Եվրոպական եւ շատ ուրիշ երկրներ` նույնիսկ մեր հարեւանները կարողացել են հստակ քայլերով հաջողության հասնել, մենք էլ կարծում եմ կարող էինք դա անել եթե սխալ ուղիով չգնայինք:
Փառք Աստծո այսօր էլ դեռ հնարավորություններ կան: Այսօր էլ դեռ ջանքերը համատեղելով, կարգի հրավիրելով մեր ապաշնորհ կառավարիչներին կարող ենք հաջողության հասնել: Գոյատեւման խնդիրն է դրված կշեռքի նժարին: Չի կարելի նույնիսկ թույլ տալ, որ մոտենանք դժողքին: Հապաղել իրոք չի կարելի:
Ցավոք այժմ այլ հնարավորություն չունենք: Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում: Առաջիկայում էլ հիմնական որոշումները այս իշխանություններն են դեռ ընդունելու: Բայց ի վերջո նրանց էլ կարելի է պարտադրել: Համոզված եմ, որ փորձի, գիտելիքների, մեծամտության պատճառով է միայն, որ թույլ են տվել այդ կոպիտ սխալները եւ եթե հասկանան կփորձեն ուղղվել:
Ելքի ճանապահները հստակ գծագրել եւ արդեն դրել ենք նրանց սեղանին: Ասել ենք, որ ինչքան էլ դժվար լինի բոլոր հիվանդներին է պետք մեկուսացնել, այլ ոչ թե ուղարկել տուն: Լուրջ, շատ լուրջ սահմանափակումներ պետք է դնել թեկուզ տնտեսությանը վնաս տալով: Ի հարկե բոլորիս համար էլ դա դժվար կլինի, բայց մարդիկ արդեն պատրաստ են թեկուզ զրկանքների գնով` աջակցել օգնել, որ այս չարիքը հաղթահարվի:
Մի կողմին միայն մեղադրելով էլ խնդիրը չի լուծվի: Համատեղել է պետք ջանքերը: Նորից ու նորից եմ դիմում Ձեզ հայրենակիցներ, ինչ եղել՝ եղել է, բախտորոշ այս պահին Ձեր ձայն էլ բարձրացրեք, Դուք էլ պահանջեք պարտադրեք, որ նրանք վերջապես խելքի գան, ճիշտ ուղի ընտրեն: Հասկացրեք, որ սա է փորձաքարը, հնարավոր է, որ սխալներն էլ ներվեն եթե համատեղ ջանքերով կարողանանք հաջողության հասնել»: