Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ` 61-ամյա Վլադիմիր Ղուկասյանի շահերն այսուհետ կպաշտպանեն Լոռու մարզի փաստաբաններ Մհեր Դավթյանը և Ռուբեն Հակոբյանը: Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել դատարանին: Նրանք, որպես գրավի ապահովման միջոց, առաջարկել են Վանաձորի կենտրոնում գտնվող` 60 մլն 270 հազար դրամ շուկայական արժեքով երկհարկանի առանձնատուն, ինչպես նաև` գումար:
Նշենք, որ Վլադիմիր Ղուկասյանը մեղադրվում է բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանի մահն առաջացնելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 130-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Հիշեցենք, որ դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 12-ին: Վանաձորում ընթացող հանդբոլի հանրապետական մրցաշարի մասնակից Հովակիմյանին կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերքով տեղափոխել էին «Վանաձորի բժշկական կենտրոն», որտեղ և մահացել էր:
Հակոբյանը նաև հայտնեց, որ իր պաշտպանյալի պատշաճ վարքագծի մասին համապատասխան երաշխավորագրեր-խնդրանքներ են ուղարկել դատարանին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ԱԺ պատգամավորներ Կարեն Սարիբեկյանը, Էդմոն Մարուքյանը, «Վանաձոր» ԲԿ-ի բուժանձնակազմը, ինչպես նաև մոտ 700 բժիշկներ: Պաշտպանի խոսքով` Ղուկասյանը պատշաճ կերպով ներկայացել է Հովակիմյանի մահվան գործով քննությանը:
Ի դեպ, Հովակիմյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մոտ օրերս կմտնի դատարան:
Հիշեցնենք, որ Դ. Հովակիմյանի սպանության մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցևին ՀՀ քր. օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխվել է (մեղմացվել է) և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34 -104 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ կատարելը): Սակայն Կունգուրցևը չի ընդունում նաև փոփոխված մեղադրանքը` պնդելով, որ ինքն ընդհանրապես դեպքին չի մասնակցել: