Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանական խավիարային դիվանագիտությունն առաջին անգամ դարձել է քրեորեն պատժելի արարք. հայտնում է «Երկիր Մեդիա»-ն: Նախօրեին իտալական ամենահեղինակավոր հետաքննական լրագրողների կենտրոնը համարվող Rai հեռուստաընկերությունը հրապարակել է հաղորդում իտալացի պատգամավոր Լուկա Վոլոնտեի ադրբեջանամետ գործունեության և կաշառակերության վերաբերյալ:
Հաղորդման մեջ նշվում է, որ 2016 թվականի փետրվարին Միլանի ոստիկանությունն ու դատախազությունը քրեական գործ են հարուցել Լուկա Վոլոնտեի դեմ, ով Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր և ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության նախկին ղեկավարն է: Վոլոնտեն մեղադրվում է 2012-2013 թվականների ընթացքում Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք վերցնելու մեջ: Փոխարենը պաշտոնական Բաքուն նրան օգտագործում էր Իտալիայի խորհրդարանում և ԵԽԽՎ-ում:
Գումարը նրան է փոխանցել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովը, իսկ կոորդինացիոն աշխատանքներն իրականացրել է Բրյուսելում տեղակայված ադրբեջանական լոբբիստական կազմակերպությունը:
Վոլոնտեի դեմ հարուցված քրեական գործը պաշտոնապես ունի երկու գլուխ` կաշառակերություն և փողերի լվացում:
Ուշագրավ է, որ իտալացի նախկին պատգամավոր Վոլոնտեն որոշել է լռել և հրաժարվում է խոսել նախաքննությունը վարող քննիչների հետ:
Իտալական հանրային Rai հեռուստաընկերության պատրաստած հաղորդումը լայն աշխարհագրություն է ընդգրկել` նկարահանվելով Հռոմում, Միլանում, Ստրասբուրգում, Բրյուսելում, Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև` Երևանում: Նկարահանող խմբին թույլ չի տրվել մտնել Բաքու: Ադրբեջանական իշխանություններն իրենց նման որոշումը պայմանավորել են այն պատճառաբանությամբ, որ 1992 թվականին նկարահանվող հաղորդման գլխավոր խմբագիրը Լեռնային Ղարաբաղում ռեպորտաժ է նկարել, որտեղ փաստեր է բերել Ադրբեջանի կողմից քաղաքացիական թիրախները ռմբակոծելու վերաբերյալ:
Չնայած նկարահանող խումբը չի մեկնել Բաքու, այդուհանդերձ, նրանք հաղորդման մեջ օգտագործել են հարցազրույցներ ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալների, այդ թվում` Խադիջա Իսմայիլովայի հետ:
Պայթուցիկ բովանդակություն ունեցող հաղորդման մեջ խոսել են նաև մի խումբ իտալացի պատգամավորներ: Հարցազրույց է արվել Իտալիա-Ադրբեջան բարեկամության խմբի ղեկավարի հետ: Ուշագրավ է, որ նա հարցազրույցը վերջացնում է այն մտքով, որ եթե Իտալիայում էլ լրագրողներին մի քանի ամսով բանտարկեն, իրենց խնդիրների մի մասը լուծված կհամարվի:
Ֆիլմում կան անդրադարձներ նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին: Հաղորդման մեջ ընդգծվում է այն իրողությունը, որ ԵԽԽՎ երկրներում սա առաջին քրեական գործն է խավիարային դիվանագիտության թեմայով:
2013 թվականի հոկտեմբերին կայացած նոր ընտրություններում Վոլոնտեն այլևս չի վերընտրվել պատգամավոր, ուստի դրանից հետո ադրբեջանական կողմը փոխել է իր «խավիարային թիրախը»:
Աղբյուրը՝ «Երկիր Մեդիա»