կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-07 21:16
Հասարակություն

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ոստիկանը փախուստի է դիմել

Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող ոստիկանը փախուստի է դիմել

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա 2011 թվականի նոյեմբերի 5-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել միջնորդների միջոցով քաղաքացի Ք.Ա-ին քրեական պատասխանատվությունից ազատելու համար Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին 13.000 ԱՄՆ դոլար կաշառք տալու դեպքի առթիվ:

 

ՀՔԾ-ի կայքը հաղորդում է, որ գործով կատարվել ու կատարվում են քննչական եւ օպերատիվ անհետաձգելի գործողություններ: Միհրան Քեշիշյանին, որպես մեղադրյալ, ներգրավելու որոշում է կայացվել, խափանման միջոց է կիրառվել կալանավորում եւ հայտարարվել է հետախուզում (վերջինս դիմել է փախուստի):

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մի դատապարտյալի թմրանյութ փոխանցելու փաստի առթիվ ՔԿՀ-ում նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

 

Քաղաքացիները պատասխանատվությունից ազատվելու նպատակով դիմել են ոստիկանության շտաբի ավագ տեսուչ Կարեն Խաչատրյանին, նա էլ` ոստիկանության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միհրան Քեշիշյանին:

 

Վերջինիս պահանջով քաղաքացիները Կ. Խաչատրյանին են տվել 13 հազար դոլար կաշառք, որից նա 1000 դոլար վերցրել է իր ծառայությունների դիմաց, իսկ մնացածը տվել է Միհրան Քեշիշյանին: Կ. Խաչատրյանն ընդունել է գումարը վերցնելու եւ Միհրան Քեշիշյանին փոխանցելու փաստը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՀՔԾ: