|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել: Քննարկվում է կառավարության` երեկվանից բուռն արձագանք առաջացրած որոշումը` հօգուտ պաշտպանության նախարարության նորաստեղծ հիմնադրամի յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու մասին հարցը: Այն ներկայացնում էր պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը հարցրեց հիմնադրամի նկատմամբ հանրային վստահության ապահովման մեխանիզմների մասին, թե ովքեր են լինելու այդ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը, որը 9 անդամից է բաղկացած լինելու` 3-ը կառավարության ներկայացուցիչ, 3-ը` ԿԲ-ից և 3-ը` շահառու ՀԿ-ներից:
Հիմնադրամի թափանցիկությանմասին խոսելիս նախարարը օրինակ բերեց «Լույս» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է ինքը: Ըստ նախարարի` հիմնադրամը ֆինանսավորելու է ընդամենը մեկ հստակ ծրագիր, ինչը ամենակարևոր երաշխիքն է, որ դրամական միջոցները օգտագործվելու են նպատակային:
«Հիմնադրամը կունենա շատ թափանցիկ էլեկտրոնային կայքէջ, որտեղ կերևան իրական ժամանակում հավաքագրված միջոցները, հատուցում ստացածների անվանական ցուցակը»,- ասաց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է վճարման չափին` 1000 դրամին, ապա, նրա խոսքով, հաշվարկները ցույց են տվել, թե որքան նվազագույն գումար է պետք հիմնադրամին` իր գործունեությունը ապահովելու համար, եթե չհաջողվի այլ միջոցներ ներգրավել:
«Մենք ելնում ենք նրանից, որ գումարը յուրաքանչյուր անձ, ելնելով իր ցանկությունից, կարող է ավելացնել իր հնարավորություններին համապատասխան, բայց դա կամավոր է: Եթե մենք վերանայելու լինեինք այս մոտեցումը, ապա 1000-ը կսահմանեինք որպես նվազագույն, այնուհետև դրա վրա կավելացնեինք լրացուցիչ պարտադիր վճարներ, ինչը չեմ կարծում, որ այժմ արդյունավետ է»,- ասաց նախարարը: