կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-18 16:50
Քաղաքական

Պարտադիր ծառայություն անցածները պետք է լրացուցիչ կրթության իրավունք ստանան. Վիգեն Սարգսյան

Պարտադիր ծառայություն անցածները պետք է լրացուցիչ կրթության իրավունք ստանան. Վիգեն Սարգսյան

Պարտադիր ծառայություն անցած շարքային զինծառայողները լրացուցիչ կրթության իրավունք պետք է ստանան։ Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Նա նշեց, որ այսօր արդեն իսկ սկսել են պիլոտային նման մի ծրագիր՝ Դիլիջանում, որտեղի զորամասերից մեկի զինծառայողները ծրագրավորում են սովորում։

«Ծրագիրը կյանքի ենք կոչում «Թումո»-ի հետ։ Մենք նաև որոշել ենք, որ խոշոր զորամասերում, որտեղ 1000-ից ավելի զինծառայողներ կան, բացելու ենք «Թումո-բանակ» կենտրոններ, քանի որ ուզում ենք` զորացրվողները համակարգչային գիտելիքներին տիրապետեն, իսկ եթե ավելի ընդունակ են, իրենց օրվա հացը վաստակեն ծրագրավորման միջոցով։ Այսինքն՝ կստացվի, որ ծառայելու ընթացքում զինծառայողը նաև մեկ այլ խնդիր էլ է լուծում»,- ասաց Սարգսյանը։

Նախարարը տեղեկացրեց նաև, որ, բացի այդ, ձևավորել են միջգերատեսչական հանձնաժողով և փորձում են յուրաքանչյուր սահմանամերձ համայնքի համար առանձնացնել խնդիրներն ու քայլեր ձեռնարկել դրանք լուծելու ուղղությամբ։

«Հանձնաժողովի առաջին երկու ամսվա աշխատանքի արդյունքն արդեն իսկ պատրաստ է՝ մի շարք խնդիրներ են առանձնացվել՝ սկսած խմելու ջրից, անվտանգության պատնեշ կառուցելուց մինչև տնտեսական որոշ հարցեր լուծելը։ Փորձում ենք զինված ուժերին ուղղորդել սահմանամերձ համայնքներ՝ իրենց արտադրություններն այնտեղ զարգացնելու, քանի որ այնտեղ նաև մեծ արտոնություններ են տրվում»,- ասաց պաշտպանության նախարարը։