Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-11-11 15:40
Քաղաքական

Պետք չէ մի քանի տականքների անունից գրված գրառումներին պատասխանել. ՀՀԿ-ական պատգամավոր

Պետք չէ մի քանի տականքների անունից գրված գրառումներին պատասխանել. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ հասարակության կողմից շատ լավ է ընկալվել կառավարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է 1000 դրամ հատկացնել հիմնադրամին, որը կոչված է  լինելու ապահովել մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կարիքները:  Ի դեպ, hամակարգը նախատեսված է ներդնել 2017թ. հունվարի 28-ից հետո առաջացող դեպքերի համար:

Նշենք, որ հիմնադրամին հատկացումները կձևավորվեն հետևյալ աղբյուրներից` յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ վճարում է ամսական 1000 դրամ` իր աշխատավարձից, արժեթղթերի վաճառքից, դրամաշնորհներից, նվիրատվություններից:

Մելիքյանի խոսքով՝ միանշանակ է ընկալվել այս գաղափարը: «Հասարակությունն է իր բանակը ծնել, պահել ու պահելու: Սա մասնավոր և պետական համագործակցության ևս մի ձև է»,- ասաց նա, ապա հարկ համարեց լրատվամիջոցներին հորդորել, որ հասարակության անունից  չտարածեն հայտարարություններ, թե այս գաղափարը միանշանակ չընդունվեց  հասարակության կողմից:

«Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարկության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին  պատասխան տալ»,- ասաց Մելիքյանը:

Հարցին՝ արդարացի՞ է համարում, որ նույն` 1000 դրամները պետք է հատկացնեն և' 80 հազար դրամ աշխատավարձ ստացողները, և 1,5 մլն դրամ ստացողները, Մելիքյանը պատասխանեց, որ իսկապես կա այդ խնդիրը:

«Իսկապես նման խնդիր գոյություն ունի: Կարծում եմ, որ նրանք, ովքեր ստանում են բարձր աշխատավարձեր, իրենց բարոյական իրավունք կվերապահեն, որպեսզի ավելի մեծ ներդրումներ ունենան»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե  շատ է հնչում այն տեսակետը, որ մենք ունենք բանակի հաշվին հարստացած գեներալներ, և ավելի արդարացի կլիներ, որ հենց նրանք էլ լրացնեին այդ ֆոնդի գումարները, Մելիքյանն  արձագանքեց, որ իսկապես ունենք բանակի հաշվին հարստացած գեներալներ, որոնց բոլորին անխտիր պետք է պատժել: Նա ընդունում է, որ  բանակում կա կոռուպցիա, բայց «այդ ամենը և որևէ այլ երևույթ հարկավոր չէ խառնել այս լավագույն ցանկությանը»:

«Սա որևէ կապ չունի բանակի ֆինանսավորման հետ, իսկ կոռուպցիայի դեմ պայքարը մշտապես շարունակվում է  ու լավ էլ խիստ է տարվում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Հարցին, թե գուցե սա պետության կողմից անուղղակի ազդակ է, որ առաջիկայում, ավելի կոնկրետ` 2017 թ .հունվարի 28-ից հետո ակտիվ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, Մելիքյանը պատասխանեց. «Ես չգիտեմ նման դեպք, որ հունվարի 28-ից հետո է լինելու» :

Նա ընդգծեց նաև, որ երբ օրենքի նախագիծը գա խորհրդարան, շատ հարցեր կհստակեցվեն: «Հայտարարությունները դեռևս ոչինչ չեն նշանակում: Թող գա ԱԺ, կքննարկենք, քննարկման ընթացքում հնարավոր է լինեն առաջարկներ` մտցնել նաև այս խավին, այն խավին և այլն: Դա  ընդամենը նախագիծ է և օրենքի ուժ չի ստացել, կգա, օրենքի ուժ կստանա, հետո կխոսենք»,- ասաց Մելիքյանը: