Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գարեգին Նժդեհ
ՉԱՐԱՐՎԵՍՏ ՏԱԿԱՆՔՆԵՐԸ
Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից
Պատմության մեջ նախընթացը չունեցող մի ողբերգություն է խաղացվում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնությունը, բռնության կենդանի գործիքները՝ հայ ժողովրդի տականքը, և բռնության զոհերը՝ ի՛նքը, հայ ժողովուրդը:
Առաջին դերակատարին պետք է հարատևել իր ոճրառատ գոյությունը, և ահա՛, նա դիմել է աշխարհի պես հին, ծանոթ միջոցին. Նա պաշտոնի ու ծառայության է հրավիրել հայորեն ու մարդկորեն ընկածներին, վարձելով սրանց չարարվեստ միտքը, կամքը, ցանկությունը:
Նոր գյուտ չէ այն բարոյազուրկ գործելակերպը, որին դիմել է հայությունը գիշատող կարմիր բռնությունը: Նա համարձակ կրկնությունն է դասական այն տմարդ միջոցների, որոնց հենված՝ արվեստապես հարատևել են անցյալի բոլոր տեսակի բռնակալությունները:
Երկրորդին՝ բռնության ծառաներին պետք է ապահովել իրենց հանապազօրյա անսուրբ հացը: Երրորդին՝ ապրելու համար պետք է անբռնադատորեն զարգանալու և ստեղծագործելու հնարավորություն:
Երեք կողմերն էլ ապրել են ուզում. և՛ բռնակալը, և՛ իր գործիքները, և՛ իր զոհերը:
Անխուսափելի պարտության սարսափով, խելագար բռնակալությունը, իր մոլեգնության հետ կրկնապատկում է ժողովրդի չարչարանքները:
Չարչրկվող ժողովուրդն իր հերթին՝ վերջնական հաղթանակի անմեռ հույսերով սպառազեն՝ կրկնապատկում է իր համառությունը. հրաժարվում զինաթափվել հոգեբանորեն:
Ահա՛, այսպես, կյանքը Հայոց աշխարհում դառել է միահեծան իշխանություն Կարմիրների, երեսուն արծաթ՝ սրանց գործիքների, ամենօրյա Գողգոթա՝ մեր ժողովրդի համար:
* * *
Ա՛յլ պետք է լիներ ժողովուրդների պատմությունը, եթե գոյություն չունենային ընկածներն ու ընկածությունը մարդկային: Առանց սրանց՝ գոյություն պիտի չունենար բռնությունը, որ անզիղջ վատերի սև գործերովն է շնչել բոլոր դարերում:
Աներևակայելի է բռնությունը՝ առանց իրեն ուժ տվող և իր գազանություններն արդարացնող չարագործների: Աներևակայելի է բռնավորը հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր չի ծախվում մարդը բարոյապես, ուր մարդը գայլ չէ իր նմանների համար:
Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից:
Իրենց տականքները – ահա’ ազգերի իրական թշնամին:
Իրենց տականքները – ահա՛ ազգերի գոյությունը հաճախ և հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը:
Ազգորեն ու մարդկորեն ընկածներն են կարելի դարձրել ապերասան բռնակալությունը Ներոնների, Ցեզար Բորջիաների, Համիդների և նմանների:
«Պիտ ուզենայի անգրագետ լինել»,- կբացականչեր մեկը Հռոմի թագավորներից՝ մի դժբախտի մահվան դատավճիռը ստորագրելիս: Դա Ներոնն էր, երբ դեռ կաշակերտեր Սենեկային:
Մի օր, սակայն, իմաստասեր խորհրդականի փոխարեն՝ Ներոնին կշրջապատեն ընկածները, չարերը և... նա իր հրեշություններով կգերազանցի պատմության ծանոթ բոլոր բռնակալներին:
Այսպես է աշխարհը: ժողովուրդները կշարունակեն տառապել իրենց տականքների երեսից: Դեռ ժողովուրդների կյանքը կշարունակի մնալ մի արնոտ ողբերգություն, որի գործող անձինքը երեքն են. բռնությունը, սրա ծառաները և սրա զոհերը:
* * *
Միշտ էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ բերումով օտարն է իշխել Հայաստանում, համարձակ գլուխ է բարձրացրել մեր ժողովրդի տականքը՝ ազգորեն հերձվածողը, հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած՝ ազգային ինքնագիտակցության և ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառաթիվ տարրերը:
Այսօր կարմիր սատրապություն է Հայաստան երկիրը և բռնությունը վերստին կյանքի և պաշտոնի է կոչել ծանոթ տարրերը: Այս անգամ, սակայն, ոչ թե երկրի սահմաններում, ուր այդ տարրերի թիվը - պատի՜ւ երկրի հայության - աննշան է, գոյություն չունենալու աստիճան, այլ մեր գաղութներում: Տարաշխարհիկ հայության որոշ տարրերը, անցյալի իրենց պատմական փոքրոգությունը, իրենց դասալքությունը մեր վարած ազատագրական պայքարում՝ «խորքով ու մոխրով» ապաշխարհելու և երկրի հայության հոգեպես չարչարակից լինելու փոխարեն՝ իրենց դավաճան ընթացքով չարչարել են տալիս նրան:
* * *
Հոգեբանական անդամահատություն. ահա՛ երկրում տեղի ունեցողը:
Կարմիր հյուսիսից տրված հրամանի հիման վրա, բարոյական անդամահատության է ենթարկվում երկրի հայությունը, նրա հոգևոր էությունը:
Բռնի փորձեր են կատարվում մեր ժողովրդի հավաքական սրտից կտրել, նետել իր բոլոր սրբությունները, ինչպես և մարդկային այն բոլոր առաքելությունները, որոնց շնորհիվ միայն ազգերը կապրե՛ն իրենց, կստեղծագործեն մարդկության համար:
Զոհը կգալարվի ցավերի մեջ, մերթ աղերսելով, մերթ սեղմելով բռունցքը:
- Կտրե՛, պարո՛ն, կտրե՛, - կասեր բոնապարտյան զինվորը իր վերքը մաքրող բժշկին, - մի քիչ էլ. և ահա՛ դուք կտեսնեք թագավորը:
- Կտրատե՛ք, քրքրե՛ք հոգիս, մի քիչ էլ - և դուք իմ էության խորքում կտեսնեք Մայիս Քսանութի հպարտ հեղինակին,- ասում է Երկրի հայությունը, իրեն հոգեբանորեն անդամահատության ենթարկողներին:
* * *
Շարունակվում է անդամահատությունը:
Մեկիկ մեկիկ հայության սրտից և ուղեղից հեռացնել են փորձում այն ամենը, որի շնորհիվ միայն, որպես ազգ, նա կարողացել է դարերով դիմագրավել իսլամ Արևելքի հայասպան փորձերին:
Ո՞ր մէկը, սակայն, Հայոց սրբություններից ո՞ր մեկը արմատախլել հայ հոգուց: Բոլորը: Բայց դա կնշանակեր դիակի վերածել, սպանել հայությունը:
- Մոռացի՛ր Մայիս Քսանութը,- գոչում են, սպառնում Երկրի հայության, գաղութի ապազգայնացած տականքները:
Աղմկում, հայհոյում, բռունցք են սեղմում հայորեն ընկածները, առանց հասկանալու, որ դա միևնույն է՝ թե ասեին Մասիս լեռան - գնա՛, կորի՛ր տեղիցդ:
- Բոլշևիզմը սպանում է Հին Աստվածները, առանց նորերը տալու, իսկ ազգերը չեն ապրել և չեն կարող ապրել առանց Աստվածների, - պատասխանում է Երկրի դառնացած հայությունը:
- Մոռացի՛ր սրբություններդ, մեռելներդ, հերոսներդ, քանզի այդպես են կամենում հրեա Զինովևը և թուրք Քեմալը,- մոլեգնած կանչում են Կարմիրների գաղութային կապարճակիրները, առանց հասկանալու, որ իրենց «մոռացի՛ր»-ը նշանակում է «մեռի՛ր»:
- «Տարաշխարհներում օտարացածի և այլասերվածի ձեր այլանդակ ապրումներով մի՛ չափեք իմ ազատապաշտ հոգին, լռե՛ք, եթե չեք կարող վահան ու պաշտպանություն ընձեռել ինձ, լռե՛ք և մի՛ խրախուսեք իմ դահիճների հոգեսպանության փորձը: Մի՛ գրգռեք Կարմիր գազանը»:
Հայության, մասնավորապես Երկրի հայության այդ հերոսական կեցվածքից կատաղած՝ ծանոթ «փողոցը» աղմկում է անլսելի. «Խա՛չ հան այդ ապստամբ ժողովուրդը, խա՛չ»:
* * *
Ամեն անգամ, երբ կմտածեմ այդ չարաբաստ հայանունների մասին, կպատկերացնեմ այն տեսարանը, որ տեղի է ունեցած հրեական ամբոխի և Հրեաստանի փոխարքայի միջև:
Ամբոխը. - «Եթե,- մատնանշելով Նազովրեցուն,- եթե ազատ արձակես սրան, կնշանակի Կեսարի բարեկամը չես»:
Պիղատոսը. - «Ձեր թագավորի՞ն խաչ հանել տամ»:
Ամբոխը. - «Մենք ուրիշ թագավոր չունենք՝ Կեսարից զատ»:
Պատմությունը. Ինչպիսի՜ խոստովանություն հրեական շրթունքներից: Դա հանձնումն էր մի ժողովրդի ազատության ու պատմության: Պիղատոսը հաճույքով ընդունում է այդ հաստատումը և Նազովրեցուն հանձնում խաչելու:
* * *
Նույն տխուր տեսարանը՝ այսօր, մեզանում:
Նույն ամբոխը, դատավորը՝ նույն: Տարբեր է միայն զոհը գերագույն: Այսօրվանը Հիսուսը չէ, այլ՝ մեր Անկախության Գաղափարը: Նույն աստվածասպան ամբոխն է, մեր ցեղի վատասերված տականքը, որ օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչ որ ազգային է: Նա կատարում է հանձնումը մեր Ազատության ու Պատմության և շնականորեն հայտարարում.
- Մենք այլ թագավոր չունենք՝ «Կեսարից» զատ:
* * *
Մի սրտառուչ համերաշխություն՝ ստելու, դավելու, քծնելու մի չտեսնված մոլեռանդություն, համառանք և վճռականություն է տիրում մարդկորեն ընկած այդ ազգադավ արարածների շարքերում, որոնք ազգ ճանաչելու և սիրելու ո՛չ արժանիքն ունեն, ո՛չ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետն են եղել: Կարծես իրար բերան թքած լինեն բոլորը, բոլոր հակամայիսքսանութականները:
Մշակած ու սրբագործած մի գործելակերպ ունեն սրանք. որքան հանճարեղ՝ այնքան բարոյազուրկ:
- Իրենց դեմ ուղղված ամեն մի հարվածը չարամիտ վարպետությամբ ընդունել և ուղղորդել խորհրդային իշխանության հասցեին՝ այդ վերջինը ավելի ևս գրգռելու Երկրի հայության դեմ:
Քննադատեցե՛ք, թքե՛ք, խարազանե՛ք այդ հոգեպես բորոտներին, և վաղը իրենց թերթերում կկարդաք, թե ձեր զայրույթի քննադատական խոսքը ուղղված է եղել Հայաստանի օրվա վարիչների հասցեին:
Ծաղրե՛ք, ծանակե՛ք, ձաղկե՛ք այդ հոգեպես խեղճ արարածներին և վաղն, իրենց փողոցային թերթուկներում պիտ տեսնեք, որ ձեր զզվանքի խոսքը հայադավ նպատակով ընդունել են իրենց տերերի և ոչ իրենց հասցեին:
Փորձեք որևէ տեղ, այս կամ այն առթիվ բանախոսել ամենաակադեմիական նյութի մասին, այդ հայանուն վատերը, անսպասելիորեն կնետվեն առաջ, հիստերիկ ճիչեր կարձակե՛ն, ռեկլամային աղմուկ կհանեն, խուճապ կստեղծեն, որ ժամեր անց սկսեն իրենց թղթե հարձակողականը - թզուկների արշավանքը հսկաների դեմ - որ հայհոյեն, հայհոյեն մե՛կ էլ, մինչև յոթներորդ քրտինքը, մինչև որ ուժասպառ կլինեն, մինչև որ Երևանը կլսի այդ «շնորհունակների» դոնքիշոտության մասին:
Ա՛յս է, այսպիսին է մեր ցեղի տականքը, ներքին թշնամին - դրուժան, դավադիր ու գործնականում՝ հակահայ:
Իր անսուրբ հացը կամ քաղաքական սիրախաղը ծանոթ հոսանքի հետ ապահովելու համար, մի աննախընթաց մոլեռանդությամբ, նա գրգռում է խորհրդային իշխանությունը Երկրի ժողովրդի դեմ, իր չարագործությունը հակադաշնակցականություն համարելով ու անվանելով, երբ կատարածն իրապես հակահայկականություն է:
Այսպես, հա՛յ երիտասարդ, երկրի սահմաններից դուրս, որոշ տականքներ Հայաստանի ժողովրդի նկատմամբ կատարում են գրգռիչի դեր:
Քո անողոք դատաստանին հանձնելով սև արարքներն այդ տականքների, որոնք տմարդորեն թույն ու քացախ կավելացնեն մեր՝ քաղաքականապես դժբախտ ժողովրդին խմելու վիճակված դառնադառն բաժակին, զայրույթի և զզվանքի իմ խոսքը կուղղեմ ո՛չ թե բռնության, այլ՝ իր հայակերպ գործիքներին։
Հատընտիր, Երևան, 2006, «ՈՐԴԻՆԵՐԻ ՊԱՅՔԱՐԸ ՀԱՅՐԵՐԻ ԴԷՄ» հոդվածաշարի 10-րդ մաս