կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-23 15:30
Քաղաքական

Կանոնակարգում չկար գրված, որ որևէ մեկը պետք է գողանա քարտերը. ՀՀԿ-ական պատգամավորը մեղադրում է ընդդիմությանը

Կանոնակարգում չկար գրված, որ որևէ մեկը պետք է գողանա քարտերը. ՀՀԿ-ական պատգամավորը մեղադրում է ընդդիմությանը

«Հաշվիչ հանձնաժողովի երեք հոգով հաշվել ենք, հաշվածը գումարել ենք տեղում, հայտնել ենք Աժ նախագահին քվեարկության արդյունքները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` խոսելով գազային համաձայնագրերի քվեարկության մասին:


Հիշեցնենք, որ այդ քվեարկության ժամանակ ընդդիմադիր պատգամավորները լքել են դահլիճը, նրանք չեն ընդունում քվեարկության արդյունքները` մատնանշելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 24-րդ հոդվածը:

 

Հետաքրքական է, որ Սուքիաս Ավետիսյանը համարում է որոշումն ընդունված` դարձյալ մատնանշելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 24-րդ հոդվածը: «Եթե էլեկտրոնային հաշվիչը չի աշխատում, ուրեմն նիստը վարողը որոշում է կայացնում քվեարկել ձեռքով: Եթե հաշվիչ հանձնաժողովի մնացած չորս անդամները դահլիճից բացակայում են կամ բոյկոտում են, դա չի նշանակում, որ պատգամավորի քվեարկածը որևիցե մեկը չպետք է հաշվի»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը` հավելելով, որ դահլիճում մնացած հանձնաժողովի երեք անդամները` մեկ ՕԵԿ-ական ու երկու ՀՀԿ-ական, հաշվել են այդ ձայները:


Պատգամավորը նշեց, որ եթե հաշվիչ հանձնաժողովը հատուկ նիստ գումարեր, որոշում կայացներ, որ պետք է հաշվարկ արվի, այդ դեպքում գուցե առաջանար քվորումի խնդիր, բայց դահլիճում ստեղծվել է իրավիճակ, ահա, թե ինչու նիստը վարողն առաջարկել է հանձնաժողովի անդամներին հաշվել ձայները: Ըստ Սուքիաս Ավետիսյանի` կարող էր նույն հաջողությամբ որոշում կայացվել, որ նախագահությունը պետք է հաշվարկի քվեարկության արդյունքները:


Լրագրողները հակադարձեցին, որ նման կետ չկա կանոնակարգում, ինչին պատգամավորը պատասխանեց. «Բայց կանոնակարգում չկա, որ որևիցե մեկը պետք է գողություն անի ու քարտերը հավաքի, այնպես որ` դա իրավիճակից բխող քվեարկություն էր: Դա չէր կարող ապօրինի քվեարկություն լինել, որովհետև 77 պատգամավոր իրացրել է իր սահմանադրական իավունքը և քվեարկել: Եվ ոչ ոք իրավունք չունի դա համարել ապօրինի»,- ասաց նա: Նաև նշեց, որ հանձնաժողովի` ընդդիմության ներկայացուցիչ անդամները նախապես չեն տեղեկացրել, որ դահլիճից դուրս են գալու, և երբ դահլիճում սկսվել է խառնաշփոթը, նրանք առանց հայտարարելու դուրս են եկել դահլիճից: «Այնպես որ` իրենք են մեղավոր»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: