կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-09 16:45
Հասարակություն

Հայաստանում 10 երեխայից 3-ն աղքատ է

Հայաստանում 10 երեխայից 3-ն աղքատ է

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանում, 2015-ի տվյալներով, մինչև 18 տարեկան երեխաների 33.7 տոկոսն ապրում է աղքատության մեջ: Հայաստանում ծայրահեղ աղքատ է երեխաների 2,5 տոկոսը: Հետաքրքիր է, որ 2015-ին, 2009-2014թթ. համեմատ, աղքատության մակարդակը եղել է ամենացածրը, սակայն աղքատության և այդ թվում` ծայրահեղ աղքատության մակարդակները դեռ չեն հասել 2008-ի մակարդակին. 2008-ին աղքատ էր համարվել երեխաների 29,8 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատ` 1,6 տոկոսը: Ի դեպ, աղքատ է աղջիկների 35.6 և տղաների՝ 32.2%-ը:

Հայաստանում երեխաների աղքատության ամենացածր մակարդակն Արագածոտնի մարզում է` 14, իսկ ամենաբարձրը` Շիրակի մարզում՝ 55.8 տոկոս:

Բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 46.7 տոկոսը: Տարիքով ավելի փոքր երեխաների` աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Մեկ կամ ավելի հաշմանդամությամբ երեխա ունեցող տնային տնտեսություններում աղքատության և ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է:

Մանկական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի (չամուսնացած), այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է (38.8%), քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը (31.8%): Աղքատության ռիսկը նվազում է, երբ երեխան ապրում է այնպիսի տնային տնտեսությունում, որտեղ գլխավորի կրթական մակարդակն ավելի բարձր է: