կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 11:41
Հասարակություն

Վճարովի կայանատեղիների ու տուգանքների իրազեկման ոլորտում կներդրվեն որակական նոր մեխանիզմներ

Վճարովի կայանատեղիների ու տուգանքների իրազեկման ոլորտում կներդրվեն որակական նոր մեխանիզմներ

Այսօր` կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ավանդույթի համաձայն, հնչեցրեց ամենակարևոր հանձնարարականները: Նա նախ անդրադարձավ երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը երեկ խորհրդակցություն էր անցկացրել ոստիկանության, քաղաքապետի, «Սեքյուրիթի դրիմ» և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրները: Այդ խորհրդակցության ժամանակ որոշվեց, որ մասնավորին պատկանող ֆինանսական հոսքերը և գործառույթների կառավարումը այսուհետ անցնում են պետությանը և համայնքներին:

Դրա հետ կապված հանձնարարական ուներ ՀՀ վարչապետը: Նա հանձնարարեց ոստիկանապետին` մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության բարեփոխումների հայեցակարգ` սահմանելով հստակ ժամկետներ և չափելի արդյունքներ: Նաև` ներկայացնել առաջարկություն երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղիների հետ կապված անհրաժեշտ որակական նոր մեխանիզմների ներդրման վերաբերյալ:

Արդարադատության նախարարին հանձնարարվեց քննարկել և 25 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումը ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման, վարչական տուգանքների նշանակման վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:

Վարչապետը հավելեց, որ այս հանձնարարականների կատարման համար պետք է ներգրավել մաքսիմալ անձնակազմ: