կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 23:16
Քաղաքական

Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակական մակարդակի վրա են

Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր որակական մակարդակի վրա են

Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ մերձեցումը եվրոպական ընտանիքի հետ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից է, եւ գոհունակությամբ ավելացրել, որ այդ համագործակցությունը տարեցտարի առավել ընդլայնվում եւ ամրապնդվում է:

Հանձնակատար Ֆյուլեն, իր հերթին, գոհունակություն է հայտնել ԵՄ-Հայաստան դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ եւ ասել, որ Արեւելյան գործընկերության նախաձեռնության մեկնարկով Հայաստանի եւ ԵՄ հարաբերությունները դուրս եկան որակական նոր մակարդակի:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին եւ դրանց ներուժի ամբողջական օգտագործմանը: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը, պարբերական բնույթ կրող բարձրաստիճան փոխայցելությունները, առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը նպաստում են համակողմանի փոխգործակցության խորացմանը:

Կողմերն անդրադարձել են նաեւ Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եւ գոհունակությամբ նշել բանակցությունների ներկա փուլի հաջող ընթացքի մասին: Մտքեր են փոխանակվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրինացման եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հաստատման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Բանակցությունների օրակարգում են եղել նաեւ Հայաստանում ընթացող բարեփոխումների ընթացքը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ քննարկումների ընթացքում երկուստեք շեշտվել է, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնահարցի խաղաղ, բանակցային կարգավորումը այլընտրանք չունի: