կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-23 17:41
Քաղաքական

Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ» երևույթի բացառման համար. Կյուրեղյանը` նախարարին

Ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում առողջապահության ոլորտում «ատկատ» երևույթի բացառման համար. Կյուրեղյանը` նախարարին

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը նախքան հարց ուղղելը շնորհավորեց կառավարության անդամներն նոր պաշտոններ ստանձնելու առիթով:

 

«Հարգելի կառավարություն, կառավարության հարգարժան անդամներ, շնրհավորում եմ Ձեզ նոր պաշտոններ ստանալու առիթով: Ինչքան էլ հայտարարվի, թե առաջնային խնդիրը արտահերթ ընտրությունների համար համապատասխան միջավայր ապահովող օրենդրական փոփոխությունների մշակումն է, միևնույն է, ժողովուրդը  յուրաքանչյուր ոլորտում էական փոփոխություններ է սպասում, իր  կյանքի որակի լավացում է սպասում և, իհարկե, շատ արագ: Ձեր գործն իսկապես շատ դժվար է:

Ես առանձին շնորհավորում եմ տիկին Թանդիլյանին և տիկինն Մակունցին: Հարգարժան տիկնայք,  Դուք  պետք է քաջ գիտակցեք, որ Ձեր յուրաքանչյուր խոսք, քայլ, խնդիրների համար առաջարկվող լուծում հանրությունը պետք է դիտի խոշորացույցի տակ:  Դուք այսօր Ձեր գործունեությամբ պետք է ապահովեք գնահատականներ թե Ձեր, թե ամբողջ կառավարության, և թե որոշումների կայացման մակարդակներում կանանց գործունեության վերաբերյալ: Ես հույս եմ հայտնում, որ պատվով կիրականացնեք Ձեզ վստահված գործը և կապահովեք բարձր գնահատականներ»,- ասաց նա:

Կյուրեղյանը նախքան հարց ուղղելը, դիմելով առողջապահության նախարար  Արսեն Թորոսյանին, ասաց.  «Պարոն նախարար, առողջապահության ոլորտն այսօր խնդրահարույց է, եթե ոչ ամենախնդրահարույցը մեր երկրում: ՀՀ քաղաքացին այդ ոլորտում էական, դրական փոփոխությունների մեծ սպասելիքներ ունի:

Ես ուզում եմ խոսել այդ ոլորտում մեծ տարածում ստացած, թող ների ինձ իմ մայրենին,  откат-ի երևույթի մասին: Քիչ չեն դեպքերը, երբ հիվանդը, արդեն ունենալով ճառագայթային ախտորոշման հետազոտության արդյունքներ, դիմում է կոնկրետ մասնագետի, բայց սկսվում է հիվանդին տարբեր մասնագետների մոտ հետազոտման, տարբեր անալիզների ուղղորդելու պրոցեսը: Ես հասկանում եմ, որ որոշ դեպքերում դրանք կարող են անհրաժեշտ քայլեր լինել, բայց շատ դեպքերում դրանք откат-ի երևույթ են, որի արդյունքում հիվանդի տերը, վախենալով հիվանդի կյանքի համար, գնում է այդ հետազոտություններին, ծախսում է մեծ գումարներ, կորցնում է իրական բուժման համար անհրաժեշտ ժամանակ, ցավոք սրտի, հնարավոր է նաև հենց հիվանդի կյանքը»:

Նա նախարարից հետաքրքրվեց ` հնարավո՞ր են և արդյո՞ք նախատեսում է միջոցառումներ, որոնք կբացառեն откат-ի երևույթը  այդ ոլորտում:

«Ես միշտ, բացառելու համար ոչինչ չասող այո կամ ոչ պատասխանելու նախորդ կառավարությունների գործելաոճը, հարցրել եմ.

Եթե ոչ, ինչու՞, եթե այո, ինչպե՞ս»,- ասաց նա:

Թորոսյանը պատասխանեց, որ չի կարող հերքե` այդ երևույթը կա ոլորտում, ապա ասաց, որ հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից: «Դա միանշանակ հակաիրավական, ապօրինի գործընթաց է, և պետք է լինի գումարը հետ ստանալու պրոցեսը: Ես կհամագործակցեմ մեր իրավապահ մարմինների հետ` այդ մասով խնդիրը լուծելու համար, բայց պետք է հասկանանք, որ խնդիրը նաև բուժաշխատողների փոխհատուցման դաշտում է: Այսինքն` շատ հաճախ բժիշկները ակնկալում են այդ հավելյալ գումարները նաև այն պատճառով, որ նրանց հիմնական աշխատավարձը շատ ցածր է այն աշխատանքի ծավալի համեմատ, ինչ նրանք կատարում են: Լուծումները պետք է այդ դաշտում տեսնենք` այսինքն` բարձրացնելով աշխատավարձերը»,- ասաց նա:

Իսկ երկրորդ տեսանկյունը, ըստ նախարարի, այն է, որ երբ արդեն լինի գոնե արժանապատիվ փոխհատուցում, զուգահեռաբար կկարողանան այդ հակաիրավական պրոցեսներին վերջ տալ:

Արձագանքելով՝ Արմենուհի Կյուրեղյանը շնորհակալություն հայտնեց նախարարին պատասխանի համար:

«Ես, իհարկե, կհորդորեի, որ նախընտրեինք ոչ թե ընդդեմ, այլ հանունի համար աշխատանքը և ոչ թե ընդդեմ այն բժիշկների, ովքեր հետ են վերցնում որոշակի գումար, այլ հանուն այնպիսի միջավայրի ստեղծման, որ նման երևույթները բացառվեն»,- ընդգծեց պատգամավորը: