Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-09-09 14:00
Հասարակություն

Վարորդների դժգոհությունները, երթևեկության խախտման տուգանքների իրազեկման հետ կապված, հաշվի կառնվեն

Վարորդների դժգոհությունները, երթևեկության խախտման տուգանքների իրազեկման հետ կապված, հաշվի կառնվեն

Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը մշակվել է կառավարության հետ համատեղ` 24-ժամյա ռեժիմի կիրառմամբ:

 

Հիմնական զեկուցող` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ճանապարհային երթևեկության օրինախախտումների վերաբերյալ կարգի փոփոխմանը, այն է՝ եթե անձը, որին ուղարկվել է ճանապարհային երթևեկության խախտման մասին որոշումը, չի եղել տրանսպորտային գրանցման հաշվառման կամ վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր գրանցման վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն կամ հրաժարվել է ստանալ գրավոր որոշումը, ինչպես է կարգավորվելու նրա հարցը:

 

Պատգամավորը նշեց, որ երկու ամիս առաջ հասարակության շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել` կապված դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացում քաղաքացիների հաշիվների ամբողջական արգելափակման հետ: Եվ շատ հաճախ քաղաքացիները պարզապես տեղյակ չէին լինում այն տուգանքների մասին, որոնք կայացվել են իրենց նկատմամբ, այդ տուգանքները կրկնապատկվում, հնգապատկվում էին, և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը արգելափակում էր այդ քաղաքացիների հաշիվները:

 

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքացիներին տուգանքների մասին իրազեկելու այն միջոցները, որոնք կան օրենսգրքում, չեն համապատասխանում քաղաքացիների շահերի իրական ապահովման սկզբունքին: Խնդիրները շատ են, մասնավորապես` ո՞ր դեպքերում է քաղաքացին համարվում իրազեկված:

 

Փոփոխությունների արդյունքում նախատեսվում է, որ քաղաքացին համարվում է իրազեկված, եթե անձամբ նրան է փոխանցվում տուգանքի մասին որոշումը, երբ քաղաքացին անձամբ ստորագրում է ծանուցման անդորրագիրը կամ ստորագրում է, որ հրաժարվում է ստորագրել անդորրագիրը: Իրազեկման երկրորդ փուլում կրկին ուղարկվում է որոշումը քաղաքացու հաշվառման հասցեով ` տեղադրելով դա էլեկտրոնային կայքում:

 

Նախատեսվում է քաղաքացուն հնարավորություն տալ ընտրելու իրազեկման այն ձևը, որը նա նախընտրում է՝ բջջային հաղորդագրություն, էլեկտրոնային փոստ, հաշվառման հասցեով և այլն: