|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր-Գրիգորյանն ապրիլի 9-ին ընդունեց Հայաստանի Մխիթարյան կենտրոնի տնօրեն հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանին և փոխտնօրեն հայր Գևորգ վարդապետ Սարգիսյանին:
Նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ողջունելով հյուրերին՝ Բաբկեն Տեր- Գրիգորյանն անգնահատելի համարեց Մխիթարյան միաբանության ներդրումն ու գործունեությունը սփյուռքում և Հայաստանում: Էական կարևորություն ունի 1994 թվականից Հայաստանում գործող Մխիթարյան կենտրոնը, ուր գործում է Ժառանգավորաց դպրոց, կա նաև մատուռ և գրադարան:
Այսօր Ժառանգավորաց դպրոցը որոշ խնդիրներ ունի: Ըստ հայր Եղիա վարդապետ Քիլաղպյանի՝ դպրոցի այն սաներին, որոնք հոգևոր ուսումնառությունը շարունակելու համար ավարտելուց հետո մեկնում են Սուրբ Ղազար, անհրաժեշտ է զինծառայությունից տարկետման իրավունք տրամադրել, մանավանդ որ նրանց թիվը շատ փոքր է: Բաբկեն Տեր-Գրիգորյանը նշեց, որ հարցը կքննարկվի, լուծման բոլոր հնարավոր տարբերակներով աշխատանքներ կտարվեն, քանի որ այս հարցի կարգավորումը կնպաստի միության հոգևոր դասի սերնդահաջորդականության ապահովմանը, սփյուռքում ունեցած ժառանգության պահպանմանը:
Ժառանգավորաց վարժարանը բացի ուսումնառությունից իր աշակերտներին ապահովում է նաև գիշերակացով և սննդով, սակայն չունի հատուկ կարգավիճակ, ըստ որի՝ կենտրոնում միաժամանակ կգործեն և՛ եկեղեցին, և՛ դպրոցը, և՛ գիշերօթիկը՝ որպես իրավական մեկ մարմին: Բացի այդ՝ անհրաժեշտ է նաև կենտրոնին թույլատրել ուսումնական առարկաների համար կիրառել դասական ուղղագրությունը: Նախարարի պաշտոնակատարը խնդիրների վերաբերյալ նշեց՝ կուսումնասիրվեն իրավական կարգավորումները, նախարարությունն առաջարկներով և նախաձեռնությամբ հանդես կգա, կներդնի բոլոր ջանքերն առկա խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: