կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-14 12:38
Քաղաքական

Կառավարությունը ոչինչ չի արել այս ամիսների ընթացքում` որակական նոր ցուցանիշներ ապահովելու համար. Աղվան Վարդանյան

Կառավարությունը ոչինչ չի արել այս ամիսների ընթացքում` որակական նոր ցուցանիշներ ապահովելու համար. Աղվան Վարդանյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով կառավարության ներկայացրած` 2015թ. բյուջեի փաստաթղթի մասին, կարծիք հայտնեց, որ դա հերթական, որևէ առաջընթաց չենթադրող բյուջե է: Նրա խոսքով` Հանրապետական կուսակցության միանձնյա իշխանության տարիներին, միայն մեկ անգամ է բերվել հավակնոտ ու լուրջ բյուջեի փաստաթուղթ, որը, սակայն, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով «փառահեղ տապալում» է ունեցել, և դրանից հետո ամեն տարի ներկայացվել է գրեթե նույնական բյուջե:

 

«Իրականում գոյատևման, ժամանակ ձգելու բյուջե է, և, ցավոք, կառավարությունը ոչինչ չի արել այս ամիսների ընթացքում` որակական նոր ցուցանիշներ ապահովելու համար: Միայն այն փաստը, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը մնում է նույն մակարդակի վրա, իրականում դա ոչ թե 23 է, այլ` 17, 5: Փաստորեն, ունենք այն ցուցանիշը, որը կար 2013-ի սկզբին: Դա նշանակում է, որ խոստումները` որակական ցուցանիշների և ստվերը կրճատելու առումով, ևս չեն արվել»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ այս բյուջեն չի լուծում Հայաստանի առաջ դրված կարևորագույն խնդիրը:

 

Պատգամավորի խոսքով` եթե ուշադրությամբ հետևենք Հանրապետական խմբակցության տեսակետին այս բյուջեի մասին, կտեսնենք, որ եթե նախորդ տարիներին հանրապետականները փորձում էին վստահ գնահատել, ապացուցել, որ լավ բյուջե է, ապա այս անգամ փորձում են մանրադիտակով ինչ-որ դրական բաներ գտնել բյուջեի մեջ ու ներկայացնել, ինչը խոսում է ընդհանուր մթնոլորտի մասին: