Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հղում կատարելով լիբանանյան As Safir պարբերականին՝ ռուսական TASS գործակալությունը տեղեկացնում է, որ Թուրքիան «Եփրատի վահանը» օպերացիայի շրջանակներում Սիրիայի հյուսիսում ռազմակայան է կառուցում՝ նպատակ ունենալով ամրապնդել մինչև հիմա թուրքական բանակի կողմից Սիրիայի հյուսիսային շրջանների փաստացի օկուպացիայի արդյունքները:
Ինչպես հայտնի է՝ ահաբեկիչների և քրդական ուժերի դեմ պատերազմի պատրվակով Թուրքիան ավելի վաղ Իրաքի Բաշիկա բնակավայրում ռազմաբազա հիմնել էր՝ այնտեղ հսկայական ռազմական կոնտինգենտ և զինտեխնիկա կենտրոնացնելով: Անկարան անգամ ուշադրություն չդարձրեց այն բանին, որ պաշտոնական Բաղդադն այդ քայլը որակեց որպես օկուպացիոն գործողություն և արդեն տևական ժամանակ է` պահանջում է դուրս բերել զորքերն իր տարածքներից:
Այն բանից հետո, երբ Իրաքի կառավարությունը հայտարարեց քրդական զինված ջոկատների աջակցությամբ Մոսուլ քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու օպերացիա սկսելու մասին՝ Թուրքիայի մեջլիսը համաձայնություն տվեց Իրաքում թուրքական 2 հազարի հասնող զինված ուժերի տեղակայման ժամկետի երկարաձգմանը: Թուրքիան հսկայական ռազմատեխնիկա և զինվորներ է կուտակել թուրք-իրաքյան սահմանին՝ ամեն վայրկյան Իրաքի տարածք ներխուժելու պատրաստ: Իրաքի վարչապետ Հայդար ալ Իբադին Անկարային նախազգուշացրել է նման փորձի հետևանքների մասին՝ հայտարարելով, որ Իրաքը կմտնի Թուրքիայի դեմ պատերազմի մեջ, եթե Թուրքիան ընդլայնի իրենց տարածքների օկուպացիոն գործողությունները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե իրենց համար կարևոր նշանակություն ունի Մոսուլի վրա իրաքյան զորքերի հարձակումը, իրենք հետևում են իրաքյան Թալլ Աֆար և Սանջար շրջաններում տեղի ունեցող գործընթացներին, և եթե զինված խմբավորումները սկսեն այդ շրջանները տեռորի ենթարկել, իրենց պատասխանը դրան կլինի առանձնահատուկ: Էրդողանն այդպիսով թուրքական ռազմական կուտակումները և հնարավոր ռազմական գործողությունները փորձել է բացատրել իրենց սահմանները, ինչպես նաև իրաքյան այդ շրջաննների թյուրքախոս բնակիչներին ահաբեկչական խմբավորումներից պաշտպանելու նպատակներով: Սակայն իրականում Էրդողանի նպատակները բոլորովին դրանք չեն:
Հոկտեմբերի 15-ին նա Ռիզե քաղաքի համալսարանում ունեցած ելույթում հայտարարել է, թե Թուրքիան պետք է վերադարձնի նախկին Օսմանյան կայսրության կորցրած տարածքները և փոխի ներկայիս Թուրքիայի, նրա կարծիքով, ոչ լեգիտիմ սահմանները: «Մեր հետաքրքրությունների ոլորտում են Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և այլ եղբայրական շրջաններ։ Այդ տարածքների նկատմամբ Թուրքիան իր հետաքրքրությունը կկորցնի միայն այն ժամանակ, երբ կկորցնի իր անկախությունը։ Շատ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահմանների մեջ պետք է մտնեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուկը, Բաթումը, Սալոնիկը, Վարնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները»,- ասել է իրականության զգացողությունը հետևողականորեն կորցնող` Թուրքիայի նախագահը: Այս հայտարարությունները վկայում են, որ Թուրքիան Սիրիայում և Իրաքում իր ռազմական ներկայությունն ամրապնդում է արդեն իսկ իր վերահսկողությանն անցած տարածքները երկարաժամկետ հեռանկարում պահպանելու, հնարավորության դեպքում՝ Հալեպում, Մոսուլում, Քիրքուկում հաստատվելու նպատակով, թեև արտաքուստ Անկարան պնդում է, թե կողմ է Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականությանը: Թուրքական զինուժի ներկայիս ձեռնարկումները պետք է բացատրել Հալեպի և Մոսուլի ազատագրման ուղղությամբ, համապատասխանաբար, Սիրիայի և Իրաքի կառավարական ուժերի ձեռնարկած վերջին օրերի հուժկու հարձակումներով և արձանագրած հաջողություններով, որոնք վերոնշյալ ամբիցիաների համատեքստում բացարձակապես ձեռնտու չեն Անկարային: Դրանց վրա, սակայն, նա մեծ ազդեցություն ունենալ չի կարող, քանի որ Մոսուլի պարագայում բախվում է իրաքյան ուժերին ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի, իսկ Հալեպի դեպքում` սիրիական ուժերին Ռուսաստանի ահռելի աջակցության գործոնին: Իր ներկայիս գերագրեսիվ գործողություններով, որոնք Թուրքիային կանգնեցրել են Իրաքի և Սիրիայի հետ պատերազմի շեմին, Անկարան հայտ է ներկայացնում՝ մասնակցելու Մերձավոր Արևելքի նոր քարտեզագրմանը Հալեպի, Մոսուլի, ապա նաև Ռաքքայի ազատագրումից, տարածաշրջանից ԻՊ-ի և իսլամական ծայրահեղական ահաբեկչական խմբավորումների վերջնական չեզոքացումից հետո:
Ներկայիս Թուրքիան իր ամբիցիոզ նախագահով դառնում է տարածաշրջանի` թերևս ամենաանկանխատեսելի և վտանգավոր սուբյեկտը՝ հաջողությամբ օգտագործելով ռուս-ամերիկյան դիմակայությունը և չթաքցնելով այդ փորձված ռազմավարության վրա կառուցված՝ հարևան անխտիր բոլոր երկրների հանդեպ իր տարածքային հավակնությունները: Թուրքիային այսպիսին դարձրել է առաջին հերթին Ռուսաստանը՝ փորձելով, սիրիական և իրաքյան քաոսում Թուրքիային ազատ գործելու հնարավորություն ընձեռելով, խափանել տարածաշրջանը սեփական հայեցողությամբ վերաձևելու` ԱՄՆ-ի պլանները: Հիշեցնենք, որ թուրքական բանակի հատուկ ստորաբաժանումները, օդուժը, սիրիական զինված ընդդիմության օժանդակությամբ, սիրիական Ջերաբլուս քաղաքի վրա «հակաահաբեկչական» գրոհն սկսեցին, ապա նաև մոտ 40 կմ Սիրիայի տարածքում խորացան` սկսած օգոստոսի 24-ից, այսինքն` Էրդողանի՝ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից ուղիղ երկու շաբաթ անց: Մոսկվան, որ մինչ այդ 100 տոկոսով բացառում էր Սիրիայում թուրքական զինուժի ցամաքային որևէ գործողություն, դրանից հետո ոչ միայն հանգիստ հետևում է թուրքական զորքերի առաջխաղացմանը, իր դաշնակիցը համարվող քրդական ջոկատներին ճնշելու նրա օպերացիաներին, այլև իր գործողությունը համաձայնեցնում է թուրքական ԶՈՒ շտաբի հետ:
Արդյո՞ք սա նշանակում է, որ Էրդողանն ու Պուտինը օգոստոսին Սանկտ Պետերբուրգում, ապա` նաև հոկտեմբերին Ստամբուլում համաձայնեցրել են Իրաքի և Սիրիայի մասնատումը կամ առնվազն այնտեղ ազդեցության գոտիների բաժանարար գծերը, դժվար է ասել: Սակայն փաստ է, որ Էրդողանի հավակնությունները տարածվում են նաև Հարավային Կովկասի վրա:
Օսմանյան կայսրության տարածքները վերականգնելու համատեքստում Արցախն ու Ադրբեջանն իրենց հետաքրքրության գոտին հռչակելով՝ Էրդողանն անուղղակիորեն խոսում է Հայաստանի գործոնը թուլացնելու, եթե ոչ` չեզոքացնելու մասին: Եվ սա այն դեպքում, երբ, իրար հերթ չտալով, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարում են, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում Թուրքիան կառուցողական դերակատարություն կարող է ունենալ: Եթե նրանք նկատի ունեն Սիրիայում և Իրաքում Թուրքիայի դրսևորած «կառուցողականությունը», Էրդողանի ծավալապաշտական հայտարարությունները, ապա Հայաստանը, մեղմ ասած, շատ լուրջ մտածելու բան ունի:
Գևորգ Դարբինյան