Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն այսօր Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ հայ-իրանական պատմական հարաբերություններին:
Նա նախ խոսեց հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ հայ հասարակության ընկալումների մասին` ասելով, որ դրանք երկակի են: Բացասական ընկալումը կապված է 19-րդ դարի հետ կապված ավանդական այն մոտեցման հետ, որ Պարսկաստանը մշտապես թշնամական դիրքորոշում է ունեցել Հայաստանի նկատմամբ: Դա, ըստ Վարդան Ոսկանյանի, մեծապես հենվում է հայ գեղարվեստական գրականության վրա, օրինակ` Րաֆֆու «Սամվել»-ը, Դեմիրճյանի «Վարդանանք»-ը և այլն:
«Այդ գրականությունը իր ժամանակի համար, անշուշտ, կարևոր արժեք էր ներկայացնում, քանի որ ուներ հստակ գաղափարախոսություն` Օսմանյան կայսրության լծի տակ գտնվող Արևմտյան Հայաստանի բնակչության մեջ ազգային զգացմունքներ արթնացնելու առումով»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Մյուս ընկալումը, ըստ մասնագետի, այն է, որ Իրանը դրական մոտեցում ունի Հայաստանի հանդեպ. Արցախյան պատերազմի տարիներին Իրանը կյանքի ճանապարհ էր ապահովում Հայաստանի համար:
«Հայ հասարակության ոսպնյակից նայելով` կարելի է ասել, որ հայ հասարակության ընկալումներում դեռևս պահպանվում է այդ երկակիությունը Իրանի վերաբերյալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է հայ-իրանական` պատմականորեն ձևավորված հարաբերությունների ակնառու դրվագներին, ապա, Վարդան Ոսկանյանի խոսքով, որպես հարևան պետություններ, Հայաստանն ու Իրանը ունեցել են թե\' պատերազմական, թե\' դաշնային հարաբերություններ: Եթե Պարթևական արքայատոհմի օրոք Հայաստանում Արշակունիների հաստատումով Իրանը սերտ դաշնակցային հարաբերություններ ուներ Հայաստանի հետ, ապա այդ հարաբերությունները որոշակիորեն խաթարվեցին Սասանյանների օրոք: Հետագայում` Հայաստանի պետականության կորստից հետո, հայ-իրանական հարաբերությունները երբևիցե դաշնակցային չէին, քանի որ Հայաստանը, փաստացիորեն մինչև Առաջին հանրապետության ստեղծումը, չուներ պետականություն:
«Մի հետաքրքիր հանգամանք կա, որը մշտապես պետք է շեշտվի: Հայ-իրանական բազմադարյան հարաբերություններում, անշուշտ, եղել են պատերազմական վիճակներ, բայց Իրանը չի վարել Հայաստանի բնակչությանը ոչնչացնելու նպատակաուղղված քաղաքականություն, ի տարբերություն Օսմանյան կայսրության»,- ասաց Վարդան Ոսկանյանը:
Նա հիշեցրեց Իրանի Շահ Աբասի վարած քաղաքականությունը, որը ժողովրդագրական առումով բացասաբար անդրադարձավ Արևելյան Հայաստանի վրա, երբ հայաթափվեցին զգալի շրջաններ, գաղթի ժամանակ բազմաթիվ հայեր, չդիմանալով դժվարություններին, զոհվեցին, բայց, այդուհանդերձ, Շահ Աբասի կողմից հայերի տեղահանության նպատակը հայերին բնաջնջելը չի եղել: Նա տեղահանում էր հայերին Իրանում, մասնավորապես` մայրաքաղաք Սպահանի արվարձաններում տեղավորելու նպատակով: Ի դեպ, Վարդան Ոսկանյանի խոսքով, հենց այդտեղ տեղահանված հայերի շնորհիվ էր, որ Իրանի տնտեսությունը, մշակույթն ու արվեստը նշանակալի աճ գրանցեցին, և հայերը ստեղծեցին այնպիսի խոշորագույն մշակութային ու հասարակական արժեք, ինչպիսին Նոր Ջուղան էր, որից սերողները հետագայում արդեն, Հնդկաստանում ստեղծելով Մադրասի հայտնի խմբակը, առաջ քաշեցին Հայաստանի պետականության վերականգման առաջին ծրագիրը:
Մեր զրուցակցի խոսքով` Արշակունիների թագավորությունն է հայ-իրանական սերտ հարաբերությունների կարևորագույն շրջափուլերից մեկը, երբ Հայաստանը պարթևական Իրանի հետ դաշնակցային հարաբերությունների արդյունքում նույնիսկ մասնակցել է այնպիսի խոշոր հաղթանակների, ինչպիսին Հռոմեական կայսրության դեմ հաղթանակներն էին:
Մեր հարցին, թե ներկայումս ավելի շատ Իրա՞նը մեր կարիքն ունի, թե՞ Հայաստանը` Իրանի կարիքը, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ թեև Հայաստանի ու Իրանի տարածքային ակնհայտ տարբերությանը, այնուհանդերձ, Իրանն ու Հայաստանը նույնչափ ունեն միմյանց հետ սերտ հարաբերություններ հաստատելու կարիք:
«Ուշագրավ է, որ թե\' հայկական կողմը, թե\' իրանական կողմը, հարգելով միմյանց` հավասարազոր լինելու իրավունքը, փորձում են լավ հարաբերություններ հաստատել ներկայումս»,- ասաց իրանագետը: