կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-04 19:59
Առանց Կատեգորիա

Օսմանյան կայսրության հայկական նշանավոր գերդաստանները

Օսմանյան կայսրության հայկական նշանավոր գերդաստանները

Օսմանյան կայսրությունում դարեր ի վեր ազգային փոքրամասնությունները կարևորագույն ներդրում են ունեցել պետական ինստիտուտներում, տնտեսության, մշակույթի, ռազմարդյունաբերության և այլ որոտների զարգացման մեջ: Ազգային փոքրամասնություններին՝ հայերին, հույներին, հրեաներին, որոնք ավելի զարգացած և կրթված էին թուրք բնակչությունից, նախապատվություն էր տրվում այս կամ այն ոլորտում. ֆինանսներ, առևտուր, արվեստ և արհեստ, արդյունաբերություն, բժշկություն և այլն՝ այս բոլոր ոլորտների զարգացման և ծաղկման մեջ ահռելի է ազգային փոքրամասնությունների դերը:

Ուշագրավ է Օսմանյան կայսրությունում հայերի դերը, որոնք տարբեր ոլորտներում հաճախ իրենց ներդրումն են ունեցել մի քանի սերունդով: Նման ընտանիքներից են Բալյանները (արքունի ճարտարապետներ), Դադյանները (գլխավոր վառոդագործներ), Դյուզյանները (արքունի ոսկերիչներ) և Մանասների ընտանիքը (նկարիչներ և ոչ միայն):

Բալյան ընտանիք

Օսմանյան կայսրությունում հայ ընտանիքներից թերևս ամենաճանաչվածը կարելի է համարել Բալյաններին, որոնց շնորհիվ փոխվել է Կոստանդնուպոլսի դեմքը: Բալյանները 18-19-րդ դարերում եղել են Օսմանյան կայսրության արքունի ճարտարապետները: Մինչև Բալյանները՝ կայսրությունում եղել է ևս մեկ հայ, որը համարվում է ամբողջ կայսրության պատմության ամենանշանավոր ճարտարապետը՝ Միմար Սինանը: Նա հեղինակել է բազմաթիվ հայտնի մզկիթներ Ստամբուլում և ոչ միայն:

Բալյանները՝ որպես արքունի ճարտարապետներ, իրենց գործունեությունը սկսել են սուլթան Ահմեթ Երրորդի օրոք (1673-1736 թթ.): Առաջին ճարտարապետը համարվում է Բալին, որը սերում էր Դիարբեքիրի Բալու քաղաքից: Սակայն համարվում է, որ արքունի ճարտարապետ դարձած  Բալյանների առաջին սերնդի ներկայացուցիչներն են Գրիգոր «Ամիրա» Բալյանը և Սենեքերիմ Բալյանը: «Ամիրա» կոչումը Գրիգոր Բալյանին տրվել է հայ որպես համայնքից ամենաբարձր պաշտոն ստացած գործիչ:

Բալյանների երկրորդ սերունդը, որի ներկայացուցիչն է Կարապետ Բալյանը, համարվում  է ամենանշանակալին: Նրա օրոք է կառուցվել սուլթանական նստավայր Դոլմաբահչեն:

Երրորդ սերունդը միանգամից տվել է 4 նշանավոր ճարտարապետներ՝ Նիկողոս Բալյանը, Սարգիս Բալյանը, Հակոբ Բալյանը, Սիմոն Բալյանը: Ընդհանուր առմամբ, Բալյանները հեղինակել են այնպիսի նշանավոր կառույցներ, ինչպիսիք են Դոլմաբահչեի սուլթանական պալատը, Չըրաղան պալատը, Օրթաքյոյ մզկիթը և մի շարք  այլ շքեղ ու նշանավոր շինություններ: Բացի այդ՝ Բալյանները կառուցել են նաև մի շարք հայկական եկեղեցիներ, դպրոցներ, հիվանդանոցներ:

Մանասների ընտանիք

Բացի ճարտարապետությունից, հայերը կայսրությունում աչքի են ընկել նաև արվեստի այլ ճյուղում՝  նկարչության մեջ: Մանասների ընտանիքի անդամները եղել են պալատական նկարիչներ՝ սկսած 16-րդ դարի վերջից (կամ 17-րդ դարի սկզբից) մինչև 19-րդ դարի վերջը, բացի այդ՝ զբաղվել են դիվանագիտական առաքելությամբ: Ըստ տեղեկությունների՝ Մանասները Ստամբուլ էին տեղափոխվել ջելալիական ապստամբությունների հետևանքով: Հայտնի ընտանիքից առաջինը և նշանավոր նկարիչը համարվում է Ռաֆայել Մինասը (1710–1780), որը կրթությունը ստացել էր Իտալիայում, այնուհետև, վերադառնալով Ստամբուլ, դարձել սուլթաններ Օսման Երրորդի, Մուսթաֆա Երրորդի և Մահմուդ Առաջինի պալատական նկարիչը: Ռաֆայելը եղել է նաև եկեղեցական երգիչ. ստացել է Տիրացու մականունը:  

Ռաֆայելի որդին՝ Մանաս Մանասը, եղել է սուլթանական դատարանի գլխավոր նկարիչը: Ռաֆայելի թոռը՝ Զենոբը, և նրա՝ որդին Ռուբենը, զբաղվել են դիվանագիտական առաքելությամբ. Զենոբը եղել է թարգմանիչ և գլխավոր քարտուղար Վիեննայի դեսպանատանը, իսկ Ռուբենը, բացի դիվանագիտական թարգմանչությունից, զբաղվել է նաև նկարչությամբ: Ռուբենի որդի Սեպուհը նույնպես ուղարկվել է Եվրոպա՝ նկարչություն սովորելու, և, դրան զուգահեռ, զբաղվել է դիվանագիտական առաքելությամբ:

Ժոզեֆ Մանասը Մանասյան ընտանիքի վերջին պալատական նկարիչն է. ծնվել է 1835 թ., մահացել` 1916-ին: Զենոբ Մանասի եղբոր` Մկրտչի որդին է: Սուլթան Աբդուլմեջիդի օրոք կրթություն է ստացել Եվրոպայում, իսկ երբ վերադարձել է Թուրքիա, Սեպուհ Մանասի փոխարեն դարձել է արքունի նկարիչ: Բազմաթիվ գործեր թողած Ժոզեֆ Մանասի ամենանշանավոր գործերից մեկը Գերմանիայի կայսրուհի Ավգուստա Վիկտորիայի մանրանկարն է: Իսկ նրա կտավների մեջ հիշարժան է Դելի Ֆուադ փաշայի դիմանկարը, որն արված է յուղաներկով:

Մանասների ընտանիքից առավել հայտնին Էդգար Մանասն է: Նա է համարվում ժամանակակից Թուրքիայի Հանրապետության օրհներգի՝ «Անկախության քայլերթի» (İstiklâl Marşı) համահեղինակներից մեկը, և  նա էլ գործիքավորել է երաժշտությունը: Ծնվել է 1875 թ. ապրիլի 12-ին, մահացել՝ 1964 թ. մարտի 9-ին: Եղել է երգահան, մաեստրո և երաժշտության ուսուցիչ: Հոր մահից հետո 13 տարեկան հասակում գնացել է Իտալիա: 5 տարի Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան քոլեջում ուսանած Էդգար Մանասը ավարտել է Պադովայի կոնսերվատորիան ու ստացել մաեստրոյի կոչում: 1905 թ. վերադառնալով Ստամբուլ՝ Էդգար Մանասը Ֆրանսիական միության  նորաստեղծ «Գալիա» երգչախմբում նշանակվում է որպես դիրիժոր: 1912-1921 թթ. դասավանդել է Թուրքիայի առաջին պետական կոնսերվատորիայում (Darü’l-Elhan), իսկ 1923-1933 թթ.` քաղաքային կոնսերվատորիայում: Էդգար Մանասը, 1937 թվականից սկսած, 20 տարի շարունակ ղեկավարել է նաև Պոլսո հայոց պատրիարքարանի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու «Գողթան» երգչախումբը: 1954 թ. Էդգար Մանասը սոլֆեջիոյի դասեր է տվել հայկական դպրոցներում: Հեղինակել է մի շարք ստեղծագործություններ՝  և՛ հայերեն, և՛ թուրքերեն:

Դյուզյան ընտանիք

Կայսրության մյուս հեղինակավոր ընտանիքը Դյուզյանների ընտանիքն է, որոնք 17-19-րդ դարերում զբաղեցրել են կարևոր պաշտոններ: Թե ինչպես է ընտանիքը տեղափոխվել Ստամբուլ, քիչ է հայտնի: Հաջի Հարությունը, տեղափոխվելով Ստամբուլ, սկսել է զբաղվել ընտանեկան արհեստով՝ ոսկերչությամբ, և կարճ ժամանակում կարողացել անուն վաստակել, որի շնորհիվ հրավիրվել է սուլթանական պալատ: Շուտով նրան հաջողվում է ընտանիքին, որոնք նույնպես զբաղվում էին ոսկերչությամբ, տեղափոխել արքունիք: Հաջի Հարությունի մահվանից հետո նրա գործը շարունակում է որդին՝ Սարգիսը՝ դառնալով արքունի ոսկերիչ: Սարգսի որդի Հովհաննեսը (նույնպես՝ ոսկերիչ) Մահմուդ Առաջինի մտերիմ մարդկանցից էր: Ուներ 3 որդի՝ Միքայել, Կարապետ և Հակոբ, և մեկ աղջիկ՝ Երանուհին: 

Միքայել Չելեբի Դյուզյանը դարձավ ընտանիքի ամենահայտնի ներկայացուցիչը: Միքայելին նույնպես առաջարկել էին դառնալ դրամահատարանի ղեկավար, սակայն նա հրաժարվել էր:

Միքայելի որդի Հովհաննես Չելեբի Դյուզյանին հաջողվեց մետաքսի մենաշնորհը վերցնել իրենց ընտանիքի ձեռքը: Ի դեպ, 1807 թ. պալատական հեղաշրջման փորձի ժամանակ ցանկացել են սպանել Հովհաննեսին: Նա ստեղծել է նաև Արշակունյաց մշակութային միությունը:

Պալատական ոսկերչի պաշտոնը փոխանցվում էր հորից որդուն: Գրիգոր Դյուզյանը զբաղեցնում էր նաև դրամահատարանի ղեկավարի պաշտոնը: Դյուզյանները մեծ հեղինակություն էին վայելում ինչպես արքունիքում, այնպես էլ սուլթանի մոտ, ինչը առաջացնում է շատերի դժգոհությունը: Դյուզյաններին մեղադրում են ապրանքները չհայտարարագրելու մեջ և 1819 թ. բանտարկում: 25 մլն պարտք ունեցող Գրիգոր և Սարգիս Դյուզյանները գնում են, որպեսզի մարեն այդ պարտքը, սակայն ճանապարհին նրանց բռնում և կախաղան են բարձրացնում, իսկ նրանց տուն խուզարկում են և թալանում: Դրամատան կառավարումն անցնում է ընտանիքի մյուս անդամներին: Կախաղան բարձրացված Գրիգորի և Սարգսի հորեղբայրը նույնպես կախաղան է բարձրացվում, իսկ ընտանիքի անդամները արտաքսվում են: 1823 թ. սուլթան Մահմուդ Երկրորդը ներում է շնորհում ընտանիքին և հետ կանչում աքսորից:

Դադյան ընտանիք

Դադյան ընտանիքը Օսմանյան կայսրության տարբեր ոլորտներում ներդրում ունեցած ընտանիքներից մեկն է: Պետրոս բեյ անունով մի հայ Երզնկայի Կամարակապ գյուղից 1650 թ. գաղթում է Ստամբուլ և զբաղվում ոսկերչությամբ: Սուլթան Սելիմ Երրորդը նրա հորեղբայր Դադ Առքել  (Առաքել) Ամիրային տալիս  է գլխավոր վառոդագործի պաշտոնը, իսկ ընտանիքը կոչում նրա անունով՝ Դադյան:  Դրանից հետո ընտանիքի տարբեր անդամներ զբաղեցրել են տարբեր պաշտոններ: 

Դադյանները հիմնականում զբաղեցնում էին գլխավոր վառոդագործի պաշտոնը: Մահմուդ Երկրորդի հրամանով՝ ընտանիքը ազատվել է բոլոր տեսակի հարկերից:  Սուլթանը ընտանիքին նվիրում է հսկայական հողակտորներ, որոնց վրա Հովհաննես բեյը կառուցում է վառոդի գործարան, մի քանի եկեղեցիներ և դպրոց: Այսօրվա Դադյան հայկական դպրոցն ու Ծնունդ Սուրբ Աստվածածին եկեղեցին դրանցից են:

Ընտանիքի հայտնի անդամներից են Արթին Դադյան փաշան: Արթին փաշան զբաղեցրել է կարևոր պաշտոններ դիվանագիտության ոլորտում, աշխատել արտաքին գործերի նախարարությունում, կայսրությունը ներկայացրել Եվրոպայում: Եղել է արյունոտ սուլթան Աբդուլ Համիդի մանկության ընկերը: Մահացել է  1901 թ.: Սուլթանը մեծ շուքով կազմակերպել է հուղարկավորությունը: 

Դադյանները մեծ գերդաստանի մի մասն այժմ բնակվում է Եվրոպայում և Ամերիկայում:

 

Պատրաստեց Արգամ Եղիազարյանը