կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-20 23:48
Հասարակություն

Դավութօղլուն ցավակցել է «Օսմանյան կայսրության հայերի թոռներին»

Դավութօղլուն ցավակցել է  «Օսմանյան կայսրության հայերի թոռներին»

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական ուղերձ է հղել  «Օսմանյան կայսրության փլուզման ժամանակաշրջանում զոհված օսմանյան հայերի» վերաբերյալ:

 

 Ստորև ներկայացնում ենք ուղերձն`  ամբողջությամբ:

 

«Օսմանյան կայսրության վերջին տարիներին դարեր շարունակ միմյանց հետ խաղաղությամբ և եղբայրությամբ ապրող, տարբեր էթնիկական և կրոնական ծագում ունեցող օսմանյան շատ քաղաքացիներ ապրել են հիշողության մեջ  խոր հետքեր թողած մեծ ցավեր:

 

Լինելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ ցավերն ապրած տարբեր էթնիկական և կրոնական ծագման ազգերի թոռները`  կատարված դեպքերը հասկանում, զոհված օսմանյան անմեղ հայերին հարգանքով հիշում և նրանց թոռներին մեր ցավակությունն ենք հայտնում:

 

Օսմանյան հայերի հիշատակին և հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և մարդկային պարտականություն է:

 

Այդ մոտեցմամբ այս տարի ապրիլի 24-ին հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպված միջոցառումով, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Թուրքիայում ոգեկոչվելու է օսմանյան հայերի հիշատակը:

 

Ինչպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետ եղած ժամանակ` 2014  թվականի ապրիլի 23-ին, իր ուղերձում է ասել` «եթե Թուրքիան և Հայաստանը միասնաբար, իրենց վայել արարողությամբ» ոգեկոչեին Օսմանյան հայերի հիշատակը,  դա շատ ավելի իմաստալից կլիներ: Մենք հավատում ենք, որ պատմությունը քաղաքական գործիք չդարձնելու դեպքում այդ հասուն և ողջախոհ դիրքորոշումը կարող է իրականացվել:

 

Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունը մեզ սովորեցրել է մեր պատմությանը տեր կանգնել, ուրախությունն ու ցավը միասին հիշատակել, վերքերը միասին կապել և ապագային միասին նայել: Ինչպես Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ 2015  հունվարի 20-ին իմ հղած ուղերձում եմ ասել.  «Հնարավոր է, որ  երկու հին ժողովուրդներ հասնեն միմյանց հասկանալու և ապագային միասին նայելու հասունության»:

 

Այսօր էլ, որպես պատմական պատասխանատվություն և մարդկային պարտականություն, առանց ցավերի միջև խտրականություն դնելու, հարգանքով հիշում ենք հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածներին և մյուս կողմից հավատում ենք,  որ նույնքան կարևոր է անցյալի հետ արդար առերեսումը, որքան կարևոր է մեր ցավերի մեղմացման համար զոհերին հիշելը:

 

Հնարավոր է բացահայտել Առաջին համաշխարհային պատերազմում տեղի ունեցած իրադարձությունների պատճառներն ու պատասխանատուներին, սակայն այդ ամենը մեկ բառով ներկայացնելը,  դրա պատասխանատվությունը ընդհանրացնելով` միայն թուրք ժողովրդի վրա բարդելը, անգամ այն ատելության խոսքերով համատեղելը թե’ խղճի առումով և թե’ իրավականորեն  խնդրահարույց է:

 

Այսօր էլ  մեր հիշողության մեջ են հարյուր տարի առաջ օսմանյան թուրք և մահմեդական քաղաքացիների աքսորի ու կոտորածների թողած խոր հետքերը:

 

Այդ ճշմարտւթյունն աչքաթող անելը, ցավերի միջև խտրականություն դնելը, որքան սխալ է պատմականորեն, այնքան էլ անընդունելի է խղճի համար:

 

Ինչպես անցյալի տարիները ցույց են տվել` հակասական  հիշողությունները միմյանց պարտադրելը արդյունքի չեն հասցնում: Այդ իսկ պատճառով պետք է հարգել Օսմանյան բոլոր քաղաքացիների հիշողությունն ու խիղճը, ականջ դնել նրանց ձայներին:

 

Ճշմարտության հասնելու համար բավարար է արդար հիշողություն, ապրումակցում, հարգալից լեզու, ողջամիտ և օբյեկտիվ տեսանկյուն:

 

Թուրքիան, բոլոր տեսակետներն ազատ բարձրաձայնելու, քննարկելու և ամեն տեսակի փաստերի ուսումնասիրման համար միջավայր ստեղծելով, համատեղ ապագա ստեղծելու նպատակով կարևոր բոլոր դրական քայլերն իրականացնում է:

 

Որպես հարյուր տարի առաջ ուրախության և տխրության  ճակատագիրը  միմյանց հետ կիսած երկու ժողովուրդների թոռներ` մեր պարտականությունը հարյուր տարվա վերքերը փաթաթելն ու մեր մարդկային կապերը վերականգնելն է:

 

Թուրքիան անտարբեր չի լինելու այս պատասխանատվության նկատմամբ  և շարունակելու է բարեկամության ու խաղաղության համար իր ձեռքից եկածն անել:

 

Բոլոր երրորդ կողմերին էլ կոչ ենք անում պատմական վերքերը փորփրելու փոխարեն արդար հիշողության և համատեղ, խաղաղ ապագայի վրա հիմնված դիրքորոշում ընդունել:

 

Այս զգացմունքներով և մտքերով մեկ անգամ ևս հարգանքով հիշում  ենք 1915 թվականին տեղահանության ժամանակ զոհված օսմանյան հայերին  և կիսում նրանց երեխաների ու թոռների վիշտը»: