Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խաղաղ բնակչությունն է ռմբակոծվում` չնայած թուրքական կողմի այն պնդումներին, թե իրենց գործողություններն ուղղված են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալների դեմ. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Հայաստանի Քրդական ազգային խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովը` անդրադառնալով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Թուրքիայի օդային ուժերի կողմից Իրաքի հյուսիսում գտնվող քրդական դիրքերին հարված հասցնելուն:
Պատգամավորը դատապարտեց Թուրքիայի կողմից պարբերաբար շարունակվող գործողությունները` նշելով. «Թուրքական իշխանությունները դարերի ընթացքում ազգային փոքրամասնություններին հաշվի չեն առել, միշտ ճնշել են: 100 տարի առաջ նրանք ազգային փոքրամասնություն համարվող հայերի նկատմամբ կատարեցին ցեղասպանություն ու ոչնչացրեցին1,5 միլիոն հայի, էլ չեմ ասում` մնացած բոլոր ազգային փոքրամասնություններին, որովհետև թուրքական սահմանադրության մեջ գրված չէ, որ այնտեղ գոյություն ունեն ազգային փոքրամասնություններ` քրդեր, հայեր և այլն: Այնտեղ եղած բոլոր ազգերը թուրք են, պետական լեզուն թուրքերենն է, այսինքն` սահմանադրությամբ արգելված են քրդերը, որոնք կազմում են 20 միլիոն, և քրդերենը: Այստեղից մենք գալիս են հետևության, որ թուրքական պետությունը ֆաշիստական պետություն է, և ամեն ինչ անում է, որ երկրում եղած ազգային փոքրամասնությունները ոչնչանան»,- մանրամասնեց նա:
Հասանովը տեղեկացրեց նաև` ՔԱԿ զինյալներին ոչնչացնելու պատրվակով թուրքական իշխանությունները ռմբակոծում են Իրաքյան Քուրդիստանի սահմանները, այդ ինքնավար պետության սահմաններում գտնվող քրդական գյուղերը, և զոհվում են անմեղ մարդիկ:
Ինչ վերաբերում է դեպքերի առնչությամբ միջազգային հանրության արձագանքին, ապա նա նշեց. «Այդ` միջազգային հանրություն կոչեցյալը ոչ մի ձայն չի բարձրացնում, կարծես` նրանք խուլ են, համր են, որ այս երևույթները չեն նկատում»:
Հասանովը վրդովված նշեց, որ թուրքական իշխանություններն իրենց 20 միլիոն քուրդ ժողովրդին բռնության են ենթարկում, քուրդ ժողովրդի առաջնորդը` Աբդուլլահ Օջալանը, 20 տարի է` բանտում է: «Իրաքյան Քուրդիստանի ղեկավարությունն այս երևույթը, կարծես, ոչ թե արգելում է, այլ նուրբ լռություն կա այնտեղ: Նրանք պետք է դատապարտեին թուրքական պետության այս հանցագործությունը, բայց երևույթին նայում են լռությամբ»,- կարծիք հայտնեց նա:
Ըստ ԱԺ պատգամավորի` թուրքական նոր իշխանությունները որդեգրել են Օսմանյան կայսրության բոլոր երևույթները` մարդասպանություն, ռմբակոծություն, ցեղասպանություն: