Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագիրը ներկայացնելիս վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ պետական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Նրա համոզմամբ` համակարգերի արդյունավետ գործունեության համար կարևոր է իրավասությունների հավասարակշռված բաշխումը: Կառավարության կոլեգիալ լիազորություններն անհրաժեշտ են միայն առավել կարևոր ռազմավարական խնդիրների լուծման համար, իսկ կառավարության անդամները պետք է ունենան իրենց վստահված ոլորտի կառավարման բավարար լիազորություններ և դրան համապատասխան հստակ պաշտոնական պատասխանատվություն:
Անհրաժեշտ է պետական ապարատում որոշումների ընդունումը բոլոր օղակներում դարձնել առարկայական, քիչ բյուրոկրատական, պարզ և հասցեական:
«Մենք պետք է հստակորեն իմանանք, թե ինչու անհրաժեշտ որոշումներ ընդունվում են կամ չեն ընդունվում, որ օղակում են դրանք ուշանում, ինչպես կարող ենք կարճ ժամանակում արդյունավետ կերպով լուծել քաղաքացիներին հուզող խնդիրները»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Ըստ վարչապետի` տեղական ինքնակառավարման մակարդակում առավել արդյունավետ կառավարման և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար խթանելու են պետություն-մասնավոր հատված համագործակցությունը՝ աջակցելով ընտրված մարմիններին առավելագույն օգտավետությամբ կառավարման տալու կամ օտարելու առևտրային ներուժ ունեցող գործառույթները մասնավոր կառույցներին՝ ապահովելով դրանց որակն ու մատչելիությունը:
Հնարավորինս անցնելու են «Մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին ծառայություններ մատուցելու համակարգերին՝ նվազեցնելով այն ժամանակն ու ջանքերը, որոնք նրանք ծախսում են պետական ապարատի հետ շփվելիս:
Պետական կառավարման մարմինները պետք է շարունակաբար մոնիթորինգի ենթարկվեն՝ թե՛ ավելորդ ընթացակարգերն ու օղակները, թե՛ կրկնվող կամ անարդյունավետ իրականացվող գործառույթները բացահայտելու և դրանք կրճատելու համար:
Պետական կառավարման մարմինները պետք է ոչ թե աշխատողների համար զբաղվածություն ապահովեն, այլ քաղաքացիներին պետք է մատուցեն ծառայություններ: Եթե այդ ծառայությունները պահանջված չեն, արդյունավետ չեն, թանկարժեք են, ապա դրանք պետք է վերանան կամ փոխակերպվեն:
Պետական ծառայողի կերպարը պետք է փոխվի: Պետական ծառայողներն իրենց պաշտոնները ժառանգած պետեր չեն, այլ ընդամենը` ծառայություն մատուցողներ: Կարևոր է, որ, պետական մարմնի դուռը թակելով, քաղաքացիները որակյալ սպասարկում ստանան: Սա մշակույթ է, որի ներդրումը ժամանակ կպահանջի, սակայն պետք է քայլեր կատարել այսօրվանից:
«Մենք բազմաթիվ ծրագրեր վերանայելու և վերաիմաստավորելու կարիք ունենք: Ժամանակի ընթացքում տեղի է ունենում իրավիճակի փոփոխություն, և մենք պետք է վերլուծենք և առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերենք այս պահին ավելացված արժեք չստեղծող ծրագրերի նկատմամբ, այդ թվում՝ քննարկելով դրանց համար վարկային միջոցների ներգրավման արդյունավետությունը: Պետական և օտարերկրյա ֆինանսավորմամբ գնումների ոլորտում բարեփոխումների նպատակը պարզ, արդար և թափանցիկ գնումների համակարգի ստեղծումն է: Հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, գնման գործընթացների հրապարակայնության և հասարակական հսկողության աստիճանը բարձրացնելու նպատակով կառավարությունը կներդնի պետական գնումների միասնական համակարգ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Այդ ծրագիրն «Էլեկտրոնային Հայաստան» կամ «Էլեկտրոնային կառավարում» մեծ ծրագրի մի մասն է լինելու, որն այս տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում դարձել է աշխարհի գրեթե բոլոր զարգացած երկրների հրամայականը: Վարչապետի խոսքով` պետական կառավարման համակարգի բարեփոխումը երկրի զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Հարկավոր է նաև ակտիվ, պաշտոնյայի կաբինետով չսահմանափակված, բազմազան շփումներով հագեցած ամենօրյա աշխատանք իրականացնել՝ աշխատատեղեր ստեղծող տնտեսական զարգացում ապահովելու համար: